Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար


Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար
Հոկտեմբեր 26 13:45 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին:  

Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Արցախի նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝

1) առողջապահության նախարար.

2) արդարադատության նախարար.

3) արտաքին գործերի նախարար.

4) գյուղատնտեսության նախարար.

5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.

6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.

7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.

8) քաղաքաշինության նախարար.

9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» Արցախի նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝ 

·         պետական վերահսկողական ծառայության պետի,

·         կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,

·         նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,

·         պետական եկամուտների կոմիտեի նախագահի,

·         պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,

·         ջրային կոմիտեի նախագահի: