Ես գիտեմ Կարոս մի անկյունից հեսա դուրս կգա․ 2 տարի առաջ այս օրը զոհվեց Կարապետ Բուռնազյանը


Ես գիտեմ Կարոս մի անկյունից հեսա դուրս կգա․ 2 տարի առաջ այս օրը զոհվեց Կարապետ Բուռնազյանը
Հոկտեմբեր 14 09:44 2022

Երկու տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 14-ին Արցախյան 44 –օրյա պատերազմում զոհվեց 19 –ամյա Կարապետ Բուռնազյանը։ Կարոն ծնվել ու մեծացել է Երևանում, այս շենքում ու այս բնակարանում է անցել Կարապետի մանկությունն ու պատանեկությունը։ Բարի ու ժպտերես, նվիրված ընտանիքին, հարազատներին ու հայրենիքին։ Մայրն է հիշում որդու խոսքերը, դպրոց հաճախելիս միշտ է կրկնել հայրենիքին պիտանի զավակ է լինելու, բայց ցավոք հայրենիքն իր փոխարեն որոշեց։ Դպրոցում գերազանց է սովորել, մայրը դարակում պահում է որդու գովասանագրերը, դրանք շատ են, այնպես, ինչպես ձեռագիր այս տողերը, որոնք գրել է Կարապետը։ Մայրը՝ տիկին Անահիտը մեկ առ մեկ կարդացել է այս տողերը։

Չափից դուրս զուսպ ու համեստ էր Կարոն, կես բառից ու շատ հաճախ աչքերին նայելով մայրը հասկանում էր միակ որդուն։ Ընդամենը երկու ամսվա ծառայող էր Կարոն, երբ սկսվեց պատերազմը։ Մինչ այդ ծառայությունից չի դժգոհել, զինվորական երդում հասցրել էր տալ, 2020-ի՝ սեպտեմբերի 21-ին է եղել այն, ասում է տիկին Անահիտը։ Կարոն երդվել էր անձնվիրաբար ծառայել հայրենիքին, երդումը մինչև վերջ պահեց, չլքելով իրեն վստահված խրամատն ու ծառայակից ընկերներին։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան տագնապով է արթնացել տիկին Անահիտը, անհամբեր սպասել միակ որդու հեռախոսազանգին։ Սպասված զանգն ուշանում էր, հետո Կարոն իր համետ բնավորության համաձայն փորձել է հանգստացնել մայրիկին, ասելով ապահով տեղում է, տղերքն ուժեղ են։ Հոկտեմբերի 10-ին Կարապետը տեսազանգով խոսել է ընկերների հետ, ժպիտը դեմքին է եղել, տեսազանգը ընկերները հասցրել են լուսանկարել ու հենց այս մեծադիր նկարը վերջինն է եղել։ Մայրն ասում է հրաժեշտի զանգ էր․․․

Իր և որդու վերջին հեռախոսզրույցն էլ տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին ու դարձյալ հրաժեշտի բառերով։ Մորն ասել է երկու ճանապարհ կա, կամ գերի, կամ անմահություն, ինքը ընտրելու է երկրորդը։ Ու հոկտեմբերի 14-ին թշնամու արձակած կրակոցից զոհվում է տիկին Անահիտի մինուճարը, զինվոր Կարոն։

Ամիսներ շարունակ մայրը տարբեր դիահերձարաններում փնտել է որդուն։ Կատարվել է ԴՆԹ փորձաքննություն ու միայն ամիսներ անց՝ փետրվարին տիկին Անահիտին հայտնում են համկնկում կա, տղայի դին դիահերձարանից պետք է տեղափոխեն։ Կարապետին հուղարկավորում են Եռաբլուր զինվորական պանեթոնում։ Մայրն ամեն օ է այնտեղ գնում, ու պարտադիր երկու անգամ, առավոտյան ու երեկոյան։

Սեպտեմբերի լույս 21-ի գիշերն էլ է «Եռաբլուրում» եղել, մյուս հերոսների ծնողների հետ հավաքվել որ թույլ չտան իշխանությունները մուտք գործեն պանթեոն։ Տիկին Անահիտին էլ են ոստիկանները բռնի ուժով հեռացրել պանթեոնից, չի կոտրվել, ասում է շարունակելու է իր պայքարը, երդում ունի տված որդուն, ամեն գնով այն իրագործելու է, երկնքում տղային է հանդիպելու։

Մանկության ու պատանեկության լուսանկարներից, մինչև զինվորական կարճատև ծառայության լուսանկարներ, Կարոյի տանը իր համար անկյուն մայրը չի առանձնացրել, ամբողջ տունն է իրենը։ Ամեն ինչ իր տեղում է՝ 19-ամյա որդու գրքերից, մինչև աշխատանքային համակարգիչ, խնամքով ու կոկիկ, ինչպես Կարոն էր սիրում։ Տան բոլոր անկյուններում էլ ժպտերես Կարոյի մեծադիր լուսանկարներն են, մայրը որդու հետ ամբողջ օրն է խոսում, հետո զրույցը տեղափոխվում է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։