Մայրը 19-ամյա որդուն է սպասում․ Վահե Թորոսյանը վիրավորում ունի․ թշնшմին չի թողնում փնտրել


Մայրը 19-ամյա որդուն է սպասում․ Վահե Թորոսյանը վիրավորում ունի․ թշնшմին չի թողնում փնտրել
Հոկտեմբեր 10 15:24 2022

ՀՀ պաշտպանության նախարարության մոտ անհետ կորած զինվորի՝ ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացրել: Վահե Թորոսյանը սեպտեմբերի 13-ից չկա, հարազատները տեղը գիտեն, բայց թույլ չեն տալիս մոտենալ այդ հատվածին: 19-ամյա զինծառայողը երեք տեղից վիրավորում է ստացել։ Սեպտեմբերի 16-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իրենց կողմից վերահսկվող տարածք՝ Սյունիքի Հանդ գյուղի վերեւի հատված: Վահե Թորոսյանը վերջին անգամ զանգել է սեպտեմբերի 15-ին, իր ընկերոջը բացատրել է, թե որ ձորակում է:  Ռազմական գերատեսչությունից հստակ պատասխան են պահանջում։

Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքից են եկել։ Ժամկետային զինծառայողի հարազատներն ու համագյուղացիներն են։ Նախ սեփական ուժերով են փորձել փնտրել ու գտնել զինվորին, ադրբեջանական կողմը դարձյալ կրակոցներ է արձակել։ Վահեի եղբայրը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, կրտսեր եղբոր համար անհանգիստ է, ծանր վիրավորում ունի։ 19-ամյա զինծառայողի տատիկն էլ արցունքն աչքերին թոռանն է պահանջում։ Մայրն ուժ չի ունեցել գալ, ծերացել է։

Ինչ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ հարազատները տեղյակ չեն, փորձեցին տեղում մեկ անգամ ևս ճշտումներ անել։ Մոտեցան նախարարության գլխավոր մուտքի մոտ։ Հսկիչ անցագրային կետ ներս մտնելուն պես, ռազմականի աշխատակիցները հրահանգեցին լրատվամիջոցներին նկարահանումներ չանել, տեխնիկան էլ հեռացնել ՊՆ-ի դիմացից։

Մոտ կես ժամ տևեց հանդիպումը անհետ կորած զինվորի հարազատների ու Պաշտպանության նախարարության  բարոյահոգեբանական ապահովմն վարչության պետի հետ։ Հերթական անգամ հերթապահ դարձած պատասխանն են տվել, որոնողական աշխատանքները կիրականացվեն միայն այն ժամանակ երբ ադրբեջանական կողմը թույլ կտա։

Այս պատասխանը զինվորի հարազատներին չի գոհացրել, սպասելու են ընդամենը երկու օր, որից հետո կտրուկ քայլերի կդիմեն։ Առողջ զինվոր են տվել բանակին, պահանջում են իրենց որդուն։ 19-ամյա  Վահե Թորոսյանին ողջ գտնելու հույսը մայրը չի կորցրել, բոլորին նույնն է ասում, ձիգ տղա ունի, կդիմանա ու տուն կդառնա։