Բերձորի` Արցախյան պատերազմի հուշահամամալիրը, Համբարձման և Աղավնոյի եկեղեցիները չեն տարհանվել


Բերձորի` Արցախյան պատերազմի հուշահամամալիրը, Համբարձման և Աղավնոյի եկեղեցիները չեն տարհանվել
Օգոստոս 19 12:12 2022

Պայմանավորված 2022 թվականի հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի ասուլիսի ընթացքում արված հայտարարությամբ, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Բերձոր քաղաքն ու հարակից Աղավնո և Ներքին Սուս գյուղերն անցնելու են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ և բնակիչները տարհանվելու են, Արցախի իշխանությունները օգոստոսի սկզբին սկսեցին այդ բնակավայրերից մշակութային հուշարձանների տարհանումը: Այս մասին նշված է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» հարթակի տարածած հաղորդագրությունում։

«Օգոստոսի 25-ի դրությամբ տարհանվել է 47 մշակութային հուշարձան, այդ թվում՝ խաչքարեր, հուշաքարեր, կիսանդրիներ, հուշաղբյուրներ։

Ցավոք, նման սեղմ ժամկետում տեխնիկապես անհնար է եղել իրականացնել սբ. Համբարձման և սբ. Նահատակաց եկեղեցիների և Բերձորի Արցախյան ազատագրական պատերազմին նվիրված հուշահամալիրի տարհանումը: Սակայն հնարավոր է եղել մասնակիորեն տարհանել Բերձորի սբ. Համբարձման եկեղեցու առանձին էլեմենտներ, արևելյան ճակատի արծվի քանդակը, սուրբ սեղանը, մկրտարանի ավազանը, գլխավոր եկեղեցու և ռոտոնդայի խաչերը:

 

Ադրբեջանական մեդիա դաշտում ակտիվ քննարկվում է այս հուշարձանների տարհանումը, մեղադրանքներ են հնչեցվում սբ. Համբարձման եկեղեցին «թալանելու» վերաբերյալ: Եթե թշնամին սպառնում է վերացնել, վերափոխել, ջնջել և պղծել «օկուպանտականը», եթե մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել նոր հուշարձանների հանդեպ Ադրբեջանի առանձնակի բարբարոս քաղաքականության դրսևորումներին (թվարկենք մի քանիսը՝ Մատաղիս գյուղի մատուռ ու շրջակայքի խաչքարեր, Որոտան քաղաքում՝ Արցախյան առաջին ազատամարտին նվիրված խաչքար, Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի Շյուքյուրբեյլի գյուղի խաչային հորինվածքով հուշարձան, Հադրութի Առաքել գյուղի խաչքար, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի՝ «Վերածնված Թալիշ» հուշարձան, Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի եկեղեցի և այլն), ցավոք, տարհանումը այդ հուշարձանները պղծումից և ավերումից փրկելու միակ ելքն է»,- նշված է հաղորդագրությունում: