Իշխանությունը ինչպես կապ չուներ ընդդիմադիրների կալանավորման հետ, հիմա էլ որևէ կապ չունի նրանց ազատ արձակման հետ, այդ բոլոր հարցերը պետք է ուղղել դատական իշխանությանը, փաստաբաններին, դատավորներին, դատախազներին: Մենք միայն կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ կալանքը որպես խափանման միջոց գրավով կամ այլ ձևով փոխարինելը ողջունելի է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
Ինչ վերաբերվում է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը, նախարարը նշեց, որ չի եղել նրա հետ կապված բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել.
«Իմ խորը ցավն եմ արտահայտում Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Ցանկացած մարդու մահ ողբերգություն է: Տվյալ դեպքում՝ քրեակատարողական հիմնարկում չի եղել իր հետ կապված բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել, այսինքն, չեն եղել լուրջ խնդիրներ, բողոքներ, որ վերանայվեր նաև խափանման միջոցը: Այլ խնդիր է, որ ցանկացած ողբերգություն պետք է նաև ազդակ լինի բոլոր մարմիններին, այդ թվում՝ նաև դատարաններին՝ էլ ավելի ուշադիր լինելու ազատազրկված անձանցից եկող բողոքներին: Միևնույն ժամանակ ես հույս ունեմ, որ առանձին մարդիկ էլ չեն շահարկի կամ չարաշահի որևէ դեպք, որևէ ողբերգություն, որպեսզի կեղծ առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից: Սա բալանսավորելու խնդիր է, մենք աշխատում ենք»,-ասաց Կարեն Անդրեասյանը: