Պատերազմից հետո ռազմական ինքնաթիռների թռիչքները տագնապ են հարուցում մարդկանց. հոգեբանը չի բացառում, որ դա հատուկ է արվում


Պատերազմից հետո ռազմական ինքնաթիռների թռիչքները տագնապ են հարուցում մարդկանց. հոգեբանը չի բացառում, որ դա հատուկ է արվում
Հուլիս 27 20:52 2022

Մեր տարածաշրջանը եռում է, ամեն պահի կարող է նորից պատերազմ պայթել, հատկապես, Հայաստանի համար այս վտանգավոր իրավիճակում, երբ մեր անվտանգային հարցերը, Աստված գիտի, ինչ վիճակում են, ռազմական ինքնաթիռների հաճախակի թռնելն օդում պետք է նախևառաջ ընդունել օբյեկտիվ իրողություն, այսինքն՝ մենք այնպիսի պայմաններում ենք ապրում, որ գուցե անհրաժեշտ է ինքնաթիռների թռիչքը: «Փաստինֆո»-ի հեզ րույցում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Նկատենք, որ վերջերս, հատկապես գիշերային ժամերին, ռազմական ինքնաթիռների ուսումնական թռիչքներն ավելի հաճախակի են դարձել Երեւանի երկնքում, սոցցանցերում քաղաքացիները հաճախ են դժգոհում, որ սա խանգարում, խուճապ առաջացնում։

 

Մեզ հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը ընդգծեց, որ, 44 օրյա պատերազմից հետո ռազմական ինքնաթիռների այսքան հաճախակի թռիչքները տագնապ են հարուցում մարդկանց մոտ, հատկապես՝ պատերազմի մասնակից տղաների մոտ, ովքեր անձամբ տեսել են պատերազմի արհավիրքը.

«Մարդիկ, անկախ իրենց քաղաքական հայացքներից, շատ լավ գիտեն, որ վտանգավոր իրավիճակում ենք գտնվում և ամեն րոպե կարող է նորից պատերազմ սկսվել, բնականաբար, վախի ու տագնապի բնական զգացումներ կարող են լինել, հատկապես այն տղաները, որոնք տեսել են այդ արհավիրքը, անպաշտպան երկնքից թափվող արկերը, նրանց մեջ դեռ տագնապի զգացում կա և կարող է թարմանալ ամեն պահի, բայց փաստն այն է, որ մենք պետք է հասկանանք՝ ինչ պայմաններում ենք ապրում, որտեղ ենք ապրում»,-ասաց հոգեբանը:

Փորձագետն ընդգծում է՝ խնդիրն ավելի մեծ է, քան զուտ անհատական վախերը.

«Շատ ավելի տագնապալի վիճակ կառաջանա, երբ պատերազմ պայթի և մենք թշնամու առաջ չոքած կարգավիճակում լինենք, եթե մենք առաջ հանգիստ ասում էինք՝ պատերազմ չի լինի, մենք պաշտպանված ենք, մեր բանակն ուժեղ է, էլի մենք բանակ ունենք,բայց մենք շատ լավ գիտենք՝ ինչ է կատարվում, փոխանական պետական միջոցները բանակի սպառազինությանը և բանակի ուժեղացմանը գնա, ոստիկանության ուժեղացմանն է գնում։ Այսինքն՝ ոչ ադեկվատ վիճակում ենք և տագնապելու իրավունք ունենք՝ ինքնաթիռ տեսնելով ու իրավիճակը հասկանալով:Եթե մենք իմանայինք, որ լավ ավիացիա ունենք, դա մեր ավիացան է, կամ մեր դաշնակիցներինն է, դրանից ապահովության զգացողություն առաջ կգար, բայց քանի որ իրավիճակն այլ է, տագնապի զգացողություն կարող է առաջանալ»,-ասաց Կարինե Նալչաջյանը:

Հոգեբանը չի բացառում, որ սա հատուկ նպատակ հետապնդի, որպեսզի հասարակության մեջ տագնապի զգացում պահպանվի մշտապես.

 

«Մենք մի հատ մեծ մանիպուլյատիվ որջի մենք ենք ընկել, շատ հնարավոր է, որ դա հատուկ արվի, որ մարդիկ մտածեն՝ թող միայն խաղաղություն լինի, բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց եթե խաղաղությունը չի լինում, թշնամին զինվում է, սպառնում է, սպառնալիքներն իրականություն է դարձնում, նստել ու ասել՝ երանի խաղաղություն լինի, սա ադեկվատ չի, այնպես որ հնարավոր է, որ սա էլ հատուկ մտածված էլեմենտ»,-ասաց զրուցակիցը: