Շատ դաստիարակված երեխա էր, ակտիվ, տեսքով սիրուն ու շփվող երիտասարդ էր.նախօրեին մահացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը հաջորդ տարի կզորացրվեր


Շատ դաստիարակված երեխա էր, ակտիվ, տեսքով սիրուն ու շփվող երիտասարդ էր.նախօրեին մահացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը հաջորդ տարի կզորացրվեր
Հուլիս 27 17:12 2022

Մարտական դիրքի վագոն-տնակում հրդեհի հետևանքով ստացած այրվածքներից նախօրեին մահացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը Ախուրյանի Ազատան համայնքից էր:

Ախուրյանի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ հաջորդ տարի գարնանը Պալյան Պողոսյանը պետք է զորացրվեր,սովորում էր Գյումրու պետական տնտեսագիտական համալսարանում, սակայն ուսումը կիսատ էր թողել և մեկնել է ծառայության:

 

Փոխհամայնքապետի փոխանցմամբ՝ Պալյան Պողոսյանն ուներ երկու քույր, ապրում էր ընտանիքի հետ.

«Միջին մակարդակով ապրող, նորմալ ընտանիք են, շատ դաստիարակված երեխաներ էին, ինքն էլ ակտիվ էր, տեսքով սիրուն ու շփվող երիտասարդ էր, սպաներն էլ ասում են, որ շատ սիրված էր զինվորների և հրամանատարների կողմից»,-պատմեց Վարդան Իկիլիկյանը:

Նրա փոխանցմամբ՝ դեպքի առթիվ ծառայողական քննություն է գնում.

«Իրենց հերթափոխի տնակի մեջ են եղել, բայց ասում են, որ տնակում միայն մեկ հատ մեշոկ է այրվել:

Դիրքերից իջել են տարել են հոսպիտալ,հետո տեղափոխել են Երևան, տասը օր է ՝ բուժում էր ստանում, վիճակը կարգավորվել էր, գիտակցությունը նորմալ էր, հեռախոսով խոսել էր տանեցիների հետ, վերջին օրերին վիճակը վատացել էր»,-ասաց փոխհամայնքապետը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին ՊՆ հայտնել էր, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել պարտադիր ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը:

Պալյան Պողոսյանը, ըստ Պաշտպանության նախարարության, նույն օրը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

ՊՆ-ից փոխանցել էին, որ զինվորը այրվածքներն ստացել էր վառարանի կայծից առաջացած հրդեհի հետևանքով։

 

Հանրային գործիչ Կարապետ Պողոսյանը հայտարարել է, որ լուրեր կան առ այն, որ զինծառայողն այրվածքներ է ստացել թշնամու կողմից քննապարկերի այրման պատճառով։ «Խնդրում եմ հաստատել կամ հերքել լուրը,- գրել է իրավապաշտպան, հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում։