«Ցանկանում եմ, որ պատերազմները շարունակական չլինեն և մենք հերոսանանք մեր գիտելիքներով». Գերասիմը զոհվեց ԱԹՍ-ի հարվածից, Մեղրի վերադառնալու ճանապարհին


«Ցանկանում եմ, որ պատերազմները շարունակական չլինեն և մենք հերոսանանք մեր գիտելիքներով». Գերասիմը զոհվեց ԱԹՍ-ի հարվածից, Մեղրի վերադառնալու ճանապարհին
Հուլիս 26 11:22 2022

 

«Ցանկանում եմ, որ պատերազմները շարունակական չլինեն և մենք հերոսանանք մեր գիտելիքներով». սրանք 44-օրյա պատերազմում անմահացած Գերասիմ Ահարոնյանի մտքերն էին։
 
Գերասը Արմավիր քաղաքում էր ծնվել, մեծացել ու 2019-ի հուլիսի 15-ին զորակոչվել բանակ։ 6 ամիս ծառայեց Գյումրու ուսումնական զորամասում, ապա ծառայությունը շարունակեց Ագարակի զորամասում։ Երբ պատերազմի օրերին հրամանատարությունը հայտնում է, որ Արցախ օգնության պետք է մեկնեն, Գերասն առաջիններից է արձագանքում ու հոկտեմբերի 3-ին արդեն Ջրականում էր, թեժ մարտերի մեջ, բայց հարազատներից գաղտնի էր պահում այդ փաստը։
 
15 օր մարտնչելով թշնամու դեմ, հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը, Մեղրի վերադառնալու ճանապարհին, անօդաչուի հարվածից անմահանում է Գերասիմը...
 
«Ես համոզված եմ, որ հայ հերոսները եղել են, այժմ էլ կան ու միշտ կլինեն որպես հպարտություն ու պարծանք հայ ժողովրդի համար»,- գրել էր Գերասը։ Դու էլ այդ հերոսների շարքին դասվեցիր, ախպեր ջան։ Հերոսացար՝ հավերժ մնալով 19 տարեկան։
Հիշատակդ վառ, Գերաս ջան։ Խունկ ու խոնարհում շիրիմիդ։

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից