2020 թ․ հուլիսի 14-ին Տավուշում հակառակորդի սադրիչ գործողությունների հետևանքով սկսված ռազմական բախման ընթացքում զոհվեց կապիտան, զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ Սոս Էլբակյանը։
Կապիտանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր, 7 տարի ծառայում էր Տավուշի սահմանապահ զորամասում, սպասում էր այլ զորամաս տեղափոխման հրամանին, երբ սկսվեցին մարտական գործողությունները։
Կապիտան էլբակյանի ղեկավարությամբ հրետանավարները փայլուն կերպով կատարեցին իրենց խնդիրը, նրա հմուտ գործողությունների արդյունքում՝ հրետանային մարտկոցների ճիշտ, նպատակային կրակով ճնշվել են հակառակորդի ականանետային մարտկոցների կրակները, ավերվել է ՀԴԿ-ն՝ ոչնչացնելով գրոհող հակառակորդի կենդանի ուժը։
Չկարողանալով հասնել առավելության ցամաքային զորքերի միջոցով՝ հակառակորդը սկսել է կիրառել անօդաչու սարքեր, որոնց հարվածից էլ հուլիսի 14-ին զոհվել է կապիտան Էլբակյանը՝ իր կյանքի գնով անառիկ պահելով Տավուշը։
Սոս Էլբակյանը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։
Հուլիսի 14-ին մարտերի ընթացքում զոհվել են նաև մայոր Գարուշ Համբարձումյանը և ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։