Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի և դասախոս Էմմա Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ «Փաստինֆո»-ն «Դատալեքս»-ից տեղեկացավ, որ քրեական գործը դատարան մուտք է եղել երեկ՝ հուլիսի 12-ին և նույն օրը մակագրվել Մնացական Մարտիրոսյանին։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Ըստ նախաքննական մարմնի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Հուլիսի 6-ին ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ նախաքննության ավարտ հայտարարելու մասին, սակայն դատախազը չէր հաստատել մեղադրական եզրակացությունը և գործի նյութերը վերադարձրել նախաքննական մարմին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով, մասնավորապես, անհրաժեշտ էր առաջադրված մեղադրանքը համապատասխանեցնել ՀՀ քրեական նոր օրենսգրքին: Դատախազի ցուցումը արագ քննիչն իրականացրել է ու մինչ գործը կուղարկվեր դատարան հապճեպ միջնորդել է երկարացնել Ավետիք Չալաբյանի կալանավորման ժամկետը, որը դատարանը բավարարել է՝ կալանավորման ժամկետը երկարացնելով 15 օրով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան