Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01։00-ի սահմաններում «Միքայելյան» բժշկական կենտրոն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագոնալ վիճակ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ՝ 22-ամյա Խորեն Թովմասյանն է, և մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափովում ևս մի քաղաքացի։ Ոստիկանները տեղում պարզում են, որ այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ՝ 22-ամյա Ալեքսանդր Զուռնաչյանն է։
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռցու փողոցի 125/1 հասցեի մոտից, որտեղ ժամը 00։30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ նրանց և այլ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ ստացել են նշված վնասվածքները։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանություն կատարած անձանց ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։