Պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինվորների ծնողներն Առողջապահության նախարարության առաջ բողոքում են պետպատվերի քանակի կրճատման դեմ: Նրանք նշում են, որ պետպատվերի քանակի կրճատումը բացասաբար է անդրադարձել իրենց երեխաների առողջական վիճակի վրա: Ծնողների խոսքով՝ այս խնդրին ավելացել է ևս մեկը. դա հուլիսի մեկից ուժի մեջ մտած անկանխիկ գործարքների մասին օրենքն է: «Պատկերացնո՞ւմ եք՝ ծնողը հաշմանդամ երեխայի հետ՝ կլինի սայլակով, քայլակով, կամ գրկի, բանկերում երկար հերթ կանգնելիս»,- ասում է ծնողներից մեկը: Բացի այդ, նրանց փոխանցմամբ՝ պետական հատկացումների նվազեցման պատճառով դեղորայքի ծախսերի մեծ մասը ևս մնում է ծնողների հոգածության վրա՝ այն դեպքում, երբ շատ ընտանիքներ այսօր հացի խնդիր ունեն: Բողոքող ծնողները դժգոհություն են հայտնում նաև պետության կողմից տրվող պարագաների որակից՝ կոշիկներ, կանգնակներ, քայլակներ և այլն: |