Արտահանողներն ու IT ոլորտը անհանգստացած են դրամի արժեւորմամբ. Վահան Քերոբյան


Արտահանողներն ու IT ոլորտը անհանգստացած են դրամի արժեւորմամբ. Վահան Քերոբյան
Հունիս 9 15:20 2022

Արտահանողներն ու IT ոլորտը խիստ մտահոգված են դոլարի արժեզրկմամբ։ Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

«Դրամավարկային քաղաքականությունը պետք է օգնի տնտեսական աճին, եւ օգնի երկու կարեւոր ոլորտներին՝ արտահանողներին եւ IT ոլորտին։ Այս երկու ոլորտներից ունենք բազմաթիվ անհանգստություններ դրամի լուրջ արժեւորման հետ կապված»,– ասաց Վահան Քերաբյանը։

Նա հայտնեց, որ գործարար համայնքի հետ քննարկում են ունեցել։

 

«Բնականաբար, ընթացիկ հաշիվը դրական է, երկիր մտնող գումարը ավելի շատ է, քան երկրից դուրս եկողը, դա վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է տեղի ունենում, ինչը ցույց է տալիս Կառավարության հետեւողական աշխատանքը՝ տեղական արտադրությունը եւ ներդրումները խթանելու հարցում։ Այս պարագայում Կենտրոնական բանկը պետք է նոր գործիքակազմ սկսի կիրառել, մենք հասկանում ենք իրենց մտահոգությունները գնաճի հետ կապված, բայց այդ ամեն ինչը պետք է արվի այնպես, որ տնտեսության կարեւոր  ճյուղերին վտանգ չսպառնա»,– ասաց նախարարը։

 

Վահան Քերոբյանի խոսքով՝  Կենտրոնական բանկը լայն գործիքակազմ ունի եւ  կարող է այնպես անել, որ ավելի հավասարակշռված փոխարժեք ունենանք։ 

 

«Իհարկե, դրամը ուժեղանում է դոլարի նկատմամբ, բայց դրամ–ռուբլի զույգը առայժմ կայուն վիճակում է»,– ասաց նա։