Սպասվում է մրգերի և բանջարաղենի մասսայական թանկացում. Հրաչ Բերբերյան


Սպասվում է մրգերի և բանջարաղենի մասսայական  թանկացում. Հրաչ Բերբերյան
Մայիս 23 18:09 2022

«Գյուղացուն խորհուրդ կտամ անձրևից, կարկուտից հետո անպայման սրսկում անեն»,-անդրադառնալով եղանակի փոփոխությանը՝  ArmDaily.am-ին ասաց «Ագրագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ, գյուղատնտես Հրաչ Բերբերյանը։

 

 

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, մասսայական կարկուտ չի նկատվում, իսկ որտեղ կա կարկուտ ու վատ գրունտի վրա սածիլացում է արվել՝ կորուստներ, միանշանակ, կլինեն։ «Եթե սածիլացում կա ու վնաս կա՝ գյուղացին պետք է դա վերականգնի։ Գերխոնավության հետ լուրջ խնդիր ունենք։ Այն բերում է սնկերի, սնկային հիվանդությունների լուրջ բազմացման, ինչն այսօր շատ լուրջ խնդիր է։ Գյուղացիներին խորհուրդ կտայի, որ անձրևից կամ կարկուտից հետո անպայման սրսկում անեն։ Շատերը չեն անում, ուստի ծիրանի բերքի լուրջ կորուստ կարող ենք ունենալ։ Ոչ միայն ծիրանի, այլև գիլասի։ Գերխոնավությունը կազդի բերքի պտղատվության վրա,  և անհրաժեշտ է, որ գյուղացին բուժումները ժամանակին անի»,-հավելեց Բերբերյանը։

Նա շեշտեց՝ սպասվում է մրգերի ու բանջարեղենի մասսայական թանկացում, իսկ մեղավորը ոլորտի պատասխանատուներն են։ «Դա արդեն տնտեսվարողի տգիտությունից է, որովհետև, եթե անցած տարվա հետ համեմատենք, դիզվառելիքը թանկացել է երկու անգամ, պարարտանյութը երեք անգամ, վարկերն այդպես էլ անհասանելի մնացին գյուղացիներից շատ-շատերի համար։ Այս տարի էլ տարբեր նախապայմաններ էին բանկերը դնում, այնպես որ տարբեր-տարբեր տեղերում ունենք տարբեր խնդիրներ։ Քանի որ սուբսիդավորումը գյուղացուն չհասավ, որը գյուղացու անվան տակ դուրս է գրվում, այսինքն՝ օգտվում են մի խումբ մարդիկ, ձեռքերը ծալած դա միանաշանակ այդպես էլ մնաց։ Ուրեմն տեսեք, արտարժույթը էժանացել է,բայց դիզվառելիքն անցած տարվա համեմատ երկու անգամ թանկացել է։ Գները բարձրացնում են ոչ թե գյուղացիները, այլ գյուղատնտեսության ղեկավարները, որոնք շուկային չեն տիրապետում կամ տիրապետում են իրենց աթոռից»,-ասաց Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝  չնայած բնությունն իր գործն անում է և 10-20 տոկոս բերքի կորուստ կարող է լինել, բայց երբ պարարտանյութի գինն է 300 տոկոս թանկանում, գյուղացին արդեն ոչինչ անել չի կարող։

Բերբերյանը նշեց, որ ցրտահարության դեպքեր սովորաբար գրանցվում են մինչև մայիսի 27-ը։ «Դա բնության խաղերն են ու բերքի կորուստ կարող է գրանցվել մոտ տասը , քսան տոկոս, բայց ընդհանուր բերքատվության վրա դա չի ազդում։ Նույնիսկ Ստեփանավանը, որ ամենատաք գոտին է, նույնիսկ այնտեղ ցրտահարություն գրանցվել է, բայց դրա վնասները աննշան են»,-ասաց Հրաչ Բերբերյանը։

Գյուղատնտեսության փորձագետը հավելեց՝ մրգերի դեպքում ցրտահարության վտանգն այնքան էլ մեծ չէ, հիմնական վտանգի գոտում սածիլներն են, որոնք կարող են վերականգնվել։