Արարատի մարզի Նորամարգ համայնքի վրա 44-օրյա պատերազմը անհաղթահարելի ծանր հետք է թողել: Զոհվել են նույն փողոցում ապրող երեք ընկերները` Աբելը, Արմենը եւ Գեւորգը: Երեքն էլ նորակոչիկներ էին, բանակ էին զորակոչվել պատերազմից ընդամենը երեք ամիս առաջ:
Աբել Ասատրյանը ընտանիքի չորս երեխաներից մեկն էր: «Չեմ համակերպվում, որ ինքը չկա: Ես գիտեմ, թե գալու է: Չեմ համակերպվում ոչ մի ձեւ», — ասում է մայրը` Մարինե Ասատրյանը:
Նրա խոսքով, երբ պատերազմի առաջին օրը վաղ առավոտյան որդին զանգել է, ինքը դեռ չի իմացել, թե ինչ է կատարվում. «Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 7-ին զանգեց: Ասեցի` Աբել, հո բան չի ՞ եղել, առավոտ շոտ զանգել ես, բա` չէ, մամ, բան չկա, ուղղակի հեռախոսները մոտներս ա, բայց հեսա կգան, կհավաքեն, ուզեցի զանգեմ, խոսամ ձեր հետ: Էլ չզանգեց մինչեւ ամսի մեկը: Հեռուստատեսությամբ լուրերին էի հետեւում, անընդհատ նայում էի, զոհվածների անուն-ազգանունների ցանկն էի նայում: Ամսի մեկին ժամը 11-ն էր զանգեց: Հարցրի` Աբել ո ՞ նց ես, ի ՞ նչ կա այդտեղ, ասեց` ամեն ինչ հանգիստ է, մենք չենք բարձրացել դիրքեր, մեզ մոտ ամեն ինչ նորմալ ա: Բայց ինքը ինձ խաբեց, ինքը դիրքերում էր»:
Ավելի ուշ զինվորի մորը հայտնի է դարձել, որ Աբելը եղել է հրամանատարի օգնական, գտնվել է հենց առաջին գծում, զոհվել է ԱԹՍ հարվածի հետեւանքով. «Հենց այնտեղ էլ զոհվել է հոկտեմբերի 5- ին: Մեզ ինքը հասել է դեկտեմբերի 5-ին: Ամեն տեղ փնտրում էին, գնացել ենք, փնտրել ենք, էլ Գորիս, էլ Կապան, ամեն տեղ նրա նկարները թողել էինք, բայց ոչ ոք նրա մասին ոչինչ չգիտեր: Իր հրամանատարին զանգեցի, ասեցի` ո՞ւր ա երեխեն, չեմ կարողանում գտնել նրան, ինքն էլ չի զանգում, ո ՞ ւր ա էրեխեն, ասեց` տանը տղամարդ ունե ՞ ք: Ասեցի` չէ, տղաս է: Տղայիս համարը տվեցի, զանգեց: Տղաս երբ սենյակ մտավ, ասեցի` ինչ որ բան ա ՞ եղել Աբելին, ասեց` չէ, ասեցի` ասա, Աբելին բան ա ՞ եղել, էդ մարդը ինչի ՞ էր քո համարն ուզում: Ասեց` մամ, Աբելը չկա»:
Աբելին հաջղվել է հայտնաբերել ԴՆԹ հետազոտության միջոցով միայն: «Փակ են բերել: Այնքան խնդրեցի, ասեցի` ինձ էլ տարեք, որ տեսնեմ տղայիս, ասեցին` ինչ տեսնես, թեւերը ոսկոր է, մսի կտոր չկա, ոչ գլուխ կա վրան, ոչ մի բան, ամբողջը առանձնացած է…»,- պատմում է որդեկորույս մայրը, ով անընդհատ նշում է` ինչ էլ լինի, շարունակելու է սպասել իր որդուն, գուցե մի օր հրաշք կատարվի:
Նշենք, որ շուրջ 2000 բնակչություն ունեցող Նորամարգ համայնքը պատերազմին տվել է 6 զոհ եւ բազմաթիվ վիրավորներ: