Մարդը, նրա կյանքն արժ եք չունեն


Մարդը, նրա կյանքն արժ եք չունեն
Ապրիլ 27 09:14 2022

 

Երեկ Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել երիտասարդ հղի կնոջ, ով հիվանդանոցում մահացել է։ Ավելի ուշ, տեղի ունեցածի վերաբերյալ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:
Վերջինս ձերբակալվել է:

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, բայց այստեղ խնդիր կա, որի մասին չենք կարող չգրել։
Ինչո՞ւ վարչապետին ուղեկցող մեքենան կանգ չի առել, ինչո՞ւ կնոջն անմիջապես հիվանդանոց չեն տեղափոխել։
Ինչո՞ւ են վարչապետին ուղեկցում այդքան մեծ թվով մեքենաներ՝ նման խելահեղ արագությամբ։
Այո, տեղի ունեցածը դժբախտ պատահար է, բայց բազմաթիվ «ինչո՞ւ»-ները հուշում են, որ մեզանում մարդը, նրա կյանքն արժեք չունեն։ Սա է ցավը ու ոչ ամենևին դժբախտության վրա քաղաքականություն կառուցելը։

Վահրամ Բագրատյան

Mediahub.am