Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, քանի որ պարտավոր ենք նրանց բոլորին անուն առ անուն հիշել: Մեր հերոսներից շատերը հետ չեկան, շատերը հաշմանդամ վերադարձան, շատերն էլ դեռ գերության մեջ են, բայց մենք նրանց բոլորին կյանք ենք պարտք: Միակ բանը, որով կարող ենք փոխհատուցել Տղերքին, նրանց կիսատ թողած գործը ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է:
Այս հոդվածում Ձեզ կպատմենք մեր լույսերից մեկի մասին. Վաշիկտոր Գրիշայի Եսայան:
Մայոր Վաշիկտոր (Վաչ) Գրիշայի Եսայան ծնվել է 1986 թվականին Շիրակի մարզի Սարատակ գյուղում: Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 13 տարի անձնվեր պաշտպանել է հայրենիքի սահմանները: Իր գործի նվիրյալ , ազնիվ, ընկերասեր անձնավորություն, ով պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և շքանշաններով:
Պատերազմի առաջին իսկ օրվանից, լինելով առաջնագծում, ոգեշնչելով ամբողջ անձնակազմին, (Դուխով տղերք,մենք հաղթելու ենք), փրկելով հարյուրավոր կյանքեր, տիրապետելով ողջ զինտեխնիկային, հերոսաբար 18 օր կռվել է թշնամու դեմ: Իր արագ կողմնորոշվելու և կազմակերպված լինելու շնորհիվ շրջափակումից հանել է 500 հոգանոց անձնակազմին, հակառակորդին պատճառել զինտեխնիկայի ու մարդկային ահռելի կորուստ: Ինչպես նաև բազմաթիվ մարդկային կորուստ պատճառել թշնամուն:
Ընկավ քաջարի մայորը հեկտեմբերի 13-ին Մատաղիսում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով:
Փա՛ռք, Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ ենք: