Չնայած ձևավորված մտահոգություններին՝ ռուսական ռուբլու արժեզրկման առաջին արձագանքը Հայաստան մտնող տրանսֆերտների վրա արտաքուստ ունեցել է դրական ազդեցություն։ Փետրվարին կտրուկ ավելացել են Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից ուղարկվող գումարները։
Կտրուկ ասելը նույնիսկ մեղմ է. փետրվարին, երբ արդեն մեկնարկել էին հատուկ գործողություններն Ուկրաինայում, իսկ Ռուսաստանի ֆինանսական շուկան հայտնվել էր խորը դեպրեսիայի մեջ, այդ երկրից կրկնակի ավելի շատ «տրանսֆերտային» հոսքեր են եղել Հայաստան, քան հունվարին։
Նախկին առնվազն 8-9 տարիներին այդ ամսին նման ակտիվություն երբևէ չէր արձանագրվել։
Նախորդ տարվա համեմատ՝ մուտքերը փետրվարին աճել են գրեթե 58 տոկոսով։ Հունվարի համեմատ էլ կրկնապատկվել են։ Թեև թվում էր, թե հակառակը պիտի լիներ։ Ռուբլու արժեզրկումը պիտի հանգեցներ այդ երկրից ստացվող տրանսֆերտների կրճատման։
Հիշեցնենք, որ ռուբլին սկսեց արժեզրկվել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո։ Փետրվարի վերջին արդեն դոլարը ռուսական շուկայում գնանշվում էր 92-93 ռուբլով։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում այն հասցրեց արժեզրկվել գրեթե 26-27 տոկոսով՝ նախկին 72-73-ից դոլարի գինը հասավ 92-93 ռուբլու։
Ենթադրվում էր, որ այսպիսի կտրուկ արժեզրկումը պիտի հանգեցներ մասնավոր փոխանցումների կրճատմանը։ Սակայն, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, դրանք նույնքան կտրուկ ավելացել են։
Եթե հունվարին Ռուսաստանից ստացվել էր ընդամենը 40,6 մլն դոլար, ապա փետրվարին հոսքերը կազմել են 82,5 միլիոն։ Գրեթե 42 միլիոնով ավելի շատ։
Ինչպե՞ս է ստացվել, որ ռուբլու այդպիսի արժեզրկումը ոչ միայն չի հանգեցրել տրանսֆերտների նվազման, այլև դրանք էապես ավելացել են։
Այս հարցի պատասխանն ըստ էության պետք է փնտրել Ռուսաստանի ֆինանսական շուկայում։
Ռուբլու արագ արժեզրկումը ռուսական շուկայում մեծացրեց տարադրամի պահանջարկը։ Կիրառվող սահմանափակումների հետևանքով սկսեցին խնդիրներ ի հայտ գալ այդ պահանջարկն ամբողջությամբ բավարարելու հետ կապված։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ տարադրամի պահանջարկի մի մասն էլ փորձ է արվել բավարարել Հայաստանի արժութային շուկայում։
Այլ կերպ ասած, ռուբլին ուղարկել են Հայաստան՝ տարադրամի փոխարկելու համար։
Սա իրականությանը մոտ է թվում, եթե հաշվի առնենք, որ փետրվարի վերջին, մարտի սկզբին Հայաստանի արժութային շուկայում ևս մեծացավ տարադրամի պահանջարկը։ Միաժամանակ նկատվեց ռուբլու կտրուկ անկում, ինչը, անշուշտ, թելադրված էր ռուսական շուկայի ուղղակի ազդեցություններով, բայց ոչ ամբողջությամբ։ Դրա վրա սկսել էր ազդել նաև ռուբլու առաջարկի ավելացումը։
Եղան տեղեկություններ, որ ռուսները կամ ոչ ռուսները Հայաստանում տարադրամ են գնում։ Բնականաբար, ռուբլով, որը նաև տրանսֆերտների տեսքով բանկային համակարգի միջոցով ուղարկվել էր Հայաստան՝ այլ արժույթի փոխարկելու նպատակով։ Չնայած նման գումարները ֆիզիկական անձանց փոխանցումների մեջ նստած են՝ որպես մասնավոր տրանսֆերտներ, այնուհանդերձ դասական իմաստով դրանք տրանսֆերտների հետ քիչ կապ ունեն։ Դա ինչ-որ չափով երևում է արտահոսքի ցուցանիշներում։
Փետրվարին ավելացել են ոչ միայն մուտքերը, այլև ելքերը։ Այդ ամսին, հունվարի համեմատ, Հայաստանից 56 տոկոսով ավելի շատ գումար է ուղարկվել Ռուսաստան։
Ամենայն հավանականությամբ, մի մասը եղել է փոխարկված տարադրամը։
Փետրվարի տրանսֆերտային մուտքերի վրա կարող էր որոշակի ազդեցություն ունենալ նաև Ռուսաստանից քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ փետրվարի վերջին այդ հոսքը դեռ նոր էր սկսվում, դրա ազդեցությունը պիտի որ այդքան էական չլիներ։
Ինչևէ, փետրվարին բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 82,5 մլն դոլար։ Արտահոսքը Հայաստանից կազմել է 36,4 մլն դոլար։
Տրանսֆերտների ներհոսքը փետրվարին կրկնակի ավելին է եղել, քան հունվարին։ Դրա արդյունքում էլ արձանագրվել է Հայաստան մտնող գումարների կտրուկ ավելացում։
Փետրվարին քաղաքացիների փոխանցումները Հայաստան հասել են 180 մլն դոլարի, ինչը այդ ժամանակահատվածի կտրվածքով չափազանց բարձր ցուցանիշ է։
Նախորդ ամսվա համեմատ՝ մուտքերը փետրվարին ավելացել են 52 մլն դոլարով կամ գրեթե 41 տոկոսով։ Հավելյալ 52 միլիոնից շուրջ 40 միլիոնը ստացվել է ռուսական շուկայից։
Միացյալ Նահանգներից տարեսկզբի 2 ամիսներին ֆիզիկական անձանց փոխանցումների դինամիկայում գրեթե փոփոխություն չի եղել. հունվարին ստացվել էր 40,8 մլն դոլար, փետրվարին ստացվել է 41,1 մլն դոլար։ Տարբերությունը նույնիսկ 300 հազար դոլարից պակաս է։ Այնինչ՝ հունվարի մուտքերով ԱՄՆ-ից կատարված փոխանցումներն առաջին անգամ գերազանցեցին ռուսական տրանսֆերտներին։
Փետրվարին բավական ակտիվ է եղել ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից։ Այդ ամսին դուրս է եկել ընդհանուր առմամբ 124 մլն դոլար։
Արտահոսքը նախորդ տարվանից ավելի է գրեթե 24 տոկոսով։ Ռուսաստան գնացել է 36 միլիոն, Միացյալ Նահանգներ՝ շուրջ 22 միլիոն։
Արտահոսքի աճն ԱՄՆ ավելի ակտիվ է եղել, քան ներհոսքը։ Մուտքերը ավելացել են գրեթե 4 միլիոնով, ելքերը՝ 8 միլիոնով։
Փետրվարին Հայաստանից դուրս եկած 124 մլն դոլարից Ռուսաստան և Միացյալ Նահանգներ գնացել է ընդհանուր առմամբ 58 միլիոնը։
Մնացած գումարների հետագիծը շատ դեպքերում անհայտ է։ Հայաստանը տրանսֆերտային փոխանակումներ ունի բազմաթիվ երկրների հետ, որոնց մի մասի վերաբերյալ շարժերը Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող տվյալների մեջ տեսանելի չեն։ Ուստի, հայտնի չէ, թե դրանք որտեղի՞ց են գալիս և ո՞ւր են գնում։
Առայժմ հրապարակվել են տրանսֆերտային հոսքերի առաջին 2 ամիսների ցուցանիշները։ Դրանց համաձայն, հունվար-փետրվարին Հայաստան է մտել 308 մլն դոլար, ինչը շուրջ 62 միլիոնով ավելին է եղել նախորդ տարվանից։ Բայց դա հարաբերական աճ է. սպասվում է, որ ռուսական շուկայից թելադրված բացասական ազդեցությունները կերևան ավելի ուշ։ Չնայած բացասական ազդեցությունները միայն ռուսական շուկայով չեն պայմանավորվում։ Կանխատեսվում է, որ տրանսֆերտները կնվազեն նաև այլ երկրներից՝ կապված համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող ոչ նպաստավոր զարգացումների հետ։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Հայաստանի Կենտրոնական բանկն այս տարվա համար կանխատեսել է տրանսֆերտների՝ 19, իսկ Համաշխարհային բանկը՝ 20 տոկոս նվազում։