Երեւանի հիվանդանոցներից մեկում իր երրորդ երեխային վաղաժամ լույս աշխարհ բերած Շուշանը, ով չէր հասցրել տեսնել իր նորածնի դեմքը, հոկտեմբերի 23-ին ծնողների ու եղբոր հետ շտապում էր Սիսիան` հոկտեմբերի 24-ին պանթեոնում հուղարկավորելու զոհված ամուսնուն` Վահե Քարամյանին, բայց շտապող մեքենան Գորայք գյուղի մոտակայքում ողբերգական վթարի է ենթարկվում, ու Շուշանը դառնում է ավտովթարի զոհ:
Սիսիանի Պանթեոնից հեռու, քաղաքային նոր գերեզմանատան մոտ, մի առանձին տեղում, 44-օրյա պատերազմի նահատակ Վահե Արսենի Քարամյանի շիրմաքարն է: Նրանից առաջ այդ նույն վայրում հուղարկավորվել է նրա հորեղբոր տղան` Սիսիանի զորամասի պայմանագրային զինծառայող, 25-ամյա սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանը, ով մահացել էր 2018 թվականի դեկտեմբերի 5-ին, Սիսիանի պաշտպանական դիրքերում՝ մնալով ձնահոսքի տակ: Նույն վայրում, սակայն, մեկ ուրիշ գերեզման էլ կա. 44-օրյայի նահատակ Վահե Քարամյանի կնոջ` Շուշանի գերեզմանն է:
Այս պարզ շարադրանքի տակ, սակայն, մի մեծ, դաժան ու անասելի ցավոտ ողբերգություն է «թաքնված», անձնական, ընտանեկան, ազգային եւ համամարդկային ողբերգություն, որը 44-օրյա պատերազմի հրեշավոր կողմերից մեկն է, սահմռկեցնող, իրական ու դաժան դեմքը: Առաջնագծի պատերազմին համազոր մի «պատերազմ» էլ սա էր, բայց` թիկունքում:
Ողջ երկիրը ցնցվեց զուգահեռ ընթացող երկսայրի այս պատերազմից, որը, ով գիտե, ինչպես Վահեի մայրն է ասում, պատմության մեջ հարյուր տարին մեկ անգամ լինի, կամ` չլինի. Շուշանի ավտովթարի զոհ դառնալը…: Լուրը կայծակնային արագությամբ պայթում է օդում ու … «սպանում» ապրողներին:
«Շուշանը շատ լավ աղջիկ էր, մեզ համար հարս չէր, մեր չորրորդ դուստրն էր: Ինքն աշխատում էր պոլիտեխնիկ ինստիտուտում, Վահեն պայմանագրային էր խաղաղապահներում, դժվարին օրերը ետեւում էին մնացել, ես ու ամուսինս մտածում էինք վերադառնալ Սիսիան, բայց պատահեց այս ողբերգությունը, ու մեր ուսերին մնաց երկկողմանի ծնողազուրկ 3 երեխայի խնամքը, պահել-մեծացնելը»,-ասում է Վահեի մայրը՝ Մարինեն, եւ հավելում, որ թեեւ չեն կարող լրացնել ծնողների բացը, բայց հիմա եւ ծնող են, եւ տատ ու պապ, ինչը իրենց ուսերին դրված մեծ ու պարտավորեցնող պատասխանատվություն է:
«Առավոտ» օրաթերթ