Արցախում բնակվող Վաչե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում պատմում է փոքրիկ արցախցու՝ Վադիմի մասին, ում մանկությունն ավարտվեց՝ պատերազմից հետո։ Պատերազմից հետո Վադիմի տունը դարձել է սահամանապահ՝ թշնամու ուղիղ դիտարկման տակ։
«Վադիմի մանկության ավարտը սկսվեց իմ ու իր հանդիպման պահից՝ պատերազմից։
Պատերազմից հետո Վադիմենց տունը դարձավ սահմանապահ՝ թշնամու ուղիղ դիտարկման տակ, դպրոց տանող ճանապարհն էլ թշնամու հետ ընդհանուր՝ դեպի Շուշի։ Մենք միասին վերադարձանք Արցախ ու ես սկսեցի ամեն օր ու ժամ տեսնել ու ապրել Վադիմի մտքերը։ Մեր դիրքերի բոլոր զինվորները գիտեն զինվորի ոգով ու մտքով ապրող Վադիմին։ Ամեն անգամ հացի սեղանից մի բան առանձնացնում էր ու ասում՝ որ գնաս դիրքեր, տար։ Ջուրը գնում էր աղբյուրից շշերով բերում, դնում արևի տակ, որ տաքանար ու տանեի տղերքը լվացվեին։ Հենց կրակոց ա լինում, առաջինն ա ասում մի խառնվեք, գնում բերում ա խաղալիք զենքն ու սպասում…
Էսօր Վադիմն ասեց ինչի ենք մենք ապրում, եթե պետք ա մի օր տղաների նման զոհվենք։ Էս ասածն ինձ տարավ անցյալ ու հասկացա, որ չէ, իր ու բոլորիս համար պետք չէր էսքանը տեսնել…
Չգիտեմ, էնքանը դժվար ա գրել ու խոսել էս ամենի մասին, էս ապրածի ու սպասվողի մասին։
Վադիմը առաջին պատերազմում կորցրեց երկու պապիկներին, իսկ երկրորդում՝ մանկությունը, ձեռք բերեց օդում կախված անորոշ ապագա…
Պատերազմից հետո աշխատել եմ Արցախի 2000 ից ավել սահմանապահ երեխաների հետ ու ոչ մեկի աչքերում չեմ տեսել երջանկություն, որովհետև էլ հինը չեն, գիտեն ինչ է մարդկային կորուստը ու ամեն պահ մտքում երկու բան է՝ թուրքը չկրակի, պատերազմ չլինի…
Երեխաները զրկված են ապահով ու անխափան կրթությունից, ժամանցից, ապրելու տարրական պայմաներից ու էս էլ ասեմ, որ չասեք միջազգային կոչեր և այլն, սաղ սուտ ա, մենք անգամ մեր ներսում իրար ապրումակցելը մոռացանք»,- գրել է Վաչե Վարդանյանը։