Կառավարությունը կրճատել է զբաղվածության ոլորտում իրականացվելիք ծրագրերի համար նախատեսված գումարն ու ուղղել Կառավարության պահուստային ֆոնդ և ոչ թե պետական բյուջե։
Այս անգամ Կառավարության պահուստային ֆոնդ է ուղղվել 124 միլիոն 323 հազար դրամ։
Այդ գումարը պետք է ուղղվեր գործազուրկների, աշխատանքից ազատվելու ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպելու, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրման համար։
124 միլիոն դրամը Կառավարության պահուստային ֆոնդ ուղղելու որոշումը Կառավարությունը հիմնավորել է Սոցիալական նախարարական կոմիտեի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ կայացած՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի շուրջ խորհրդակցության արձանագրություններով հանձնարարությունը՝ վերանայել նշված միջոցառումների իրականացման ընթացակարգերը։ Առաջարկվել է նշված միջոցառումներին հատկացված ֆինանսական՝ 124,323.5 հազ. դրամը վերաբաշխել և ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։