Երբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի անժամկետ, և այդ տեսակետը ներկայացնում է որպես ԱՀ իշխանության կարծիք, նշանակում է՝ նա մոտ ապագայում Արցախի հարցի հայանպաստ որևէ կարգավորում չի տեսնում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Հարությունյանի այսօրվա ուղերձին։
«Եթե Արցախի կարգավիճակը չհաստատվի, ուրեմն ստիպված ենք լինելու մշտապես լինել ռուս խաղաղպահների վերահսկողության ներքո։ Ֆեյսբուքյան իր գրառմամբ սա փաստում է Արցախի առաջին դեմքը։
Ես դեռ նոյեմբերի 25-ին ԱԺ լիագումար նիստի ժամանակ, թեկուզ Արայիկ Հարությունյանը դահլիճում չէր և իր բիզնեսների հարցերով հերթական շրջագայությանն էր, հարց հնչեցրեցի՝ ի՞նչ է սպասվում Արցախին և արցախահայությանը, երբ լրանա ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը։
Երկու շաբաթ անց նա որոշեց ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել։ Արայիկ Հարությունյանը պետք է հստակ պատասխանի՝ ինչ է ինքն արել այս մեկ տարվա ընթացքում, որպեսզի ռուս խաղաղապահները չլքեն Արցախը, որովհետև մենք գիտակցում ենք, որ եթե մինչ այդ Արցախի հարցը չլուծվի, շատ ծանր վիճակում կհայտնվենք։ Կարող ենք ընդհուպ փաստել, որ Արցախ չի լինի», - ասաց արցախցի պատգամավորը։
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի ֆեսյսբուքյան ուղերձին՝ առհասարակ, Մետաքսե Հակոբյանն այն դատարկաբանություն որակեց, որը, նրա խոսքով, վայել չէ երկրի ղեկավարին։
«Սա ոչինչ չասող գրառում է, ամբողջությամբ պոպուլիզմ, երբ փոքր երեխային ուզում են ինչ-որ բան խոստանալ։ Արայիկ Հարությունյանը Արցախի հետ կապ չունի։ Նա այսօր Արցախում է, որովհետև շարունակում է հարստանալ, և երբ հարստանա, մի օր կարթնանանք և կտեսնենք, որ անհետացել է»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Արցախցի պատգամավորը նաև ուշադրություն հրավիրեց ԱՀ նախագահի գրառման՝ 120 հազար բնակչության մասին տողի վրա՝ շեշտելով, որ ինքը երջանիկ կլիներ, եթե Արցախում այդքան մարդ մնացած լիներ։
«Այսօր Արցախում այնպիսի արտագաղթ կա, որ չգիտեմ՝ նա այդ թիվը որտեղից է վերցրել։ Այսօր արցախցուն այն վիճակում են դրել, որ նա սեփական երեխայի անվտանգությունը չի կարողանում ապահովել։ Այն մարդիկ, որոնք 90-ականներին հաղթանակ են տարել, այսօր չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը` գումարած ադրբեջանցիների սադրանքները։ Մարդիկ երկու ընտրություն ունեն` ապրել, որովհետև լավ է լինելու, կամ իրենք զոհվելու են, կամ էլ ուղղակի թողնել-գնալ Արցախից», - ամփոփեց Մետաքսե Հակոբյանը։
Եթե Արցախի հարցը չլուծվի, շատ ծանր վիճակում կհայտնվենք. կարող ենք ընդհուպ փաստել, որ Արցախ չի լինի. Մետաքսե Հակոբյան

