«Նախքան պատերազմի սկսվելը Դավիթն իր ծառայակից ընկերների հետ դիրքերում է եղել: Պատերազմի առաջին օրը, որ խոսեցի Դավիթի հետ, ձայնի մեջ վախ զգացի… Սեպտեմբերի 28-ին չզանգեց, այլ հաղորդագրություն էր ուղարկել, որ կապերը լավ չէ, դրա համար չի կարող զանգել: Մյուս օրերին որ խոսում էի որդուս հետ, կարծես մի շատ ուժեղ, մեծ կյանք ապրած մարդու հետ խոսեի: Ամեն զանգելուց ասում էր, որ ամեն բան լավ է, նրանք ապահով են, և պետք չէ անհանգստանալ, բայց այնինչ ամենաթեժ կետում է Դավիթս կռվել:
Բոլորս էլ հավատով էինք լցվել, որ լավ կլինի, բայց զոհերն էնքան շատ էին, որ երբեմն դժվար էր հավատալը, որ լավ է լինելու:
Ես ամեն րոպե վախեցել եմ տղայիս կյանքի համար, բայց հերիք էր Դավիթս զանգեր, ու վախս մի քիչ անցնում էր:
Դավիթս շատ բարի և մեծահոգի տղա էր, հարմարվող էր ու հասկանում էր բոլորին, ջերմ մարդ էր: Ծառայությունն էլ էր Դավիթիս փոխել, ավելի լուրջ և պատասխանատու էր դարձել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Մոսոյանի մայրը՝ Քրիստինե Սիմոնյանը:
Տիկին Քրիստինեն պատմում է, որ հոկտեմբերի 2-ին Դավիթի հայրը մեկնել է Հադրութ՝ որդուն տեսնելու և նրա կողքը լինելու համար, սակայն թեժ մարտերի ժամանակ այդ հանդիպումն այդպես էլ չի կայանում:
«Հոկտեմբերի 7-ին զանգահարում է տատիկին, խոսում հետը և խնդրում, որ իրենց լավ նայեն՝ չհիվանդանան… մեզ բոլորիս էր ասում, որ մեզ լավ նայենք:
Վերջին անգամ հոկտեմբերի 8-ին եմ խոսել Դավիթի հետ, ասաց՝ մամ, քեզ լավ նայիր, մինչև չասացի՝ խոստանում եմ, չանջատեց հեռախոսը:
Հոկտեմբերի 9-ին Դավիթենց դիրքը պայթեցնում են, 11-12 զինծառայող տեղում մահացել են: Տիգրանը՝ Դավիթի ծառայակից ընկերը, զանգահարել է ամուսնուս ու ասել. «Մեքենայի հետևից թաքուն գնացել եմ, որով որ մարմիններն են տեղափոխում, տանում են Գորիս, ասում են՝ Դավոն էլ է մեջը: Ինձ բռնել են հետ են ուղարկել, իմացեք՝ Դավոն Գորիսում է»:
Տիգրանի հետ կապը կորում է, և մենք 4 օր Դավիթիս ենք փնտրել: Գորիսում ասում էին, որ չկա, Երևան, Սևան, Հոկտեմբերյան… Քանի որ մարտերի ժամանակ անձրևի տակ թրջված են եղել, և ստիպված է եղել «բուշլաթը» փոխել, անձնագիրն ու զինգրքույկը մոտը չեն գտել, այդ պատճառով էլ «անճանաչելիների» ցուցակում է եղել: Հոկտեմբերի 13-ին ամուսինս Դավիթիս գտնում է Գորիսում:
Դավիթս, նորակոչիկ լինելով, իր զինծառայակից ընկերների հետ կռվել է վարձկանների դեմ: Թշնամին Դավիթենցս պոստը գրավել է, բայց Դավիթս ու իր ընկերները իրենց ուժերով կռվել և հետ են վերցրել իրենց դիրքը»,- պատմում է հերոսի մայրը:
Դավիթ Արամի Մոսոյանը ծնվել է Վանաձորում 2001թ. օգոստոսի 28-ին: Զբաղվել է ֆուտբոլով, բուհական կրթությունը կիսատ թողնելով՝ 2020թ.-ին զորակոչվել է բանակ:
Ծառայել է Հադրութում, պատերազմի առաջին օրերից մասնակցել է թեժ մարտերին: Զոհվել է հոկտեմբերի 9-ին, հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշանի:
Անահիտ Չալիկյան