2020 թվականի 7,6%-ով տնտեսական անկումից հետո Հայաստանը դեռ ամբողջությամբ չի վերականգնվել։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին շաբաթների ընթացքում իշխանության ներկայացուցիչները աջուձախ գլուխ են գովում այս տարվա 2,6%-ով աճի մասին՝ դիտավորյալ չնշելով, որ այս «աճը» նախորդ տարվա անկման համեմատ է հաշվարկված (զրոյին մոտ թվի հետ համեմատած)։ Իսկ այս տարվա իրական աճը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության եւ շինարարության ոլորտների աճով։
Սյունիքում Փաշինյանը մի քանի քվե ավել շահելու եւ իր քաղաքական հակառակորդին պատժելու համար խոսեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ առհասարակ հանքարդյունաբերության ազգայնացման մասին։ Սա գործող իշխանությունների հերթական պոպուլիզմն է, որը լրացուցիչ անորոշություն, սպառնալիք է ստեղծում Հայաստանի տնտեսության համար, եւ հաշիվ առնելով հանքարդյունաբերական ձեռնարկությունների արտահանման կարողությունները, վարկային խոշոր պարտավորությունները՝ վարչապետի պաշտոնակատարը մեծ հարված է հասցնում Հայաստանի ֆինանսական եւ սոցիալական կայունությանը։ Ի դեպ, հիշեցնեմ, որ Հայաստանի սահմանադրությամբ ընդերքն ազգային է, այսինքն՝ ՀՀ կառավարությունը տրամադրում է այս կամ այն կազմակերպությանն ընդերքի օգտագործման իրավունք, եւ ոչ որպես սեփականություն։ Հանքարդյունաբերության ոլորտում մեծ արժեք է ներկայացնում ոչ թե գործարանի պատերը, սարքավորումները, այլ ընդերքի օգտագործման իրավունքը, որը տրամադրում է հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Անշուշտ, հանքարդյունաբերության ոլորտում փոփոխությունների խիստ կարիք կա, եւ չպետք է ընդերքի շահագործումը շարունակվի իրականացվել ի հաշիվ հաջորդ սերունդների։ Դրա համար անհրաժեշտ է մասնագիտական քննարկումներ եւ վերլուծություններ, որոնք թույլ կտան գտնել եկամուտների արդարացի բաշխման նոր եւ արդյունավետ մեխանիզմներ։
Ընտրություններից հետո էլ կյանք կա․․․