ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ծով աչքերում այնքան ասելիք կար». Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, հերոս Մխիթար Գալեյանի մայրը ամենաշատը կարոտել է որդու խորը հայացքը, որն առանձնանում էր հարյուրավորների մեջ ու շփոթել չէր լինի ոչ մի ուրիշ հայացքի հետ։
Ասում է՝ այդ կանաչ աչքերում մի առանձին աշխարհ կար, որը գրավում էր շրջապատին։
Հարազատները դեռ ծնված օրվանից էին հասկացել՝ աշխույժ երեխա է լինելու, մի քանի ամսից արդեն քայլում էր ու խոսում։
«Շատ ինքնուրույն էր դեռ մանկության տարիներից։ Լեզուների նկատմամբ մեծ սեր ուներ, այնքան արագ սովորեց ռուսերեն, անգլերեն։ Տղաս ամեն ինչում էր առաջատար, բնավորությամբ՝ առաջնորդ։ Դասղեկը միշտ ասում էր՝ ես ամաչում եմ նրա աչքերին նայելիս, շատ հասուն հայացք ունի։ Տարիքից ավելի զարգացած էր միտքը»,- պատմում է տիկին Աստղիկը։
Մխիթարը սիրում էր սպորտը։ Զբաղվել էր մարմնամարզությամբ, լողով, ըմբշամարտով, պատանեկության տարիներին՝ քիք-բոքսինգով։ Կրթությունը շարունակել էր Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջում, ապա որոշել էր սովորել Հայ-ռուսական համալսարանում։
«Դպրոցում բազմիցս մասնակցում էր հայրենասիրական միջոցառումների, հաճախ Եռաբլուր էին գնում։ Դպրոցական վերջին տարին էլ շատ զբաղված էր լինում, միաժամանակ սովորում էր քոլեջում ու համալսարանի զրո կուրսում, պարապում էր երեք առարկա։ Նպատակասլաց էր, ձգտում էր լավ մասնագետ դառնալ։ Զրոյից հասավ ամենաբարձր կետին, 20 միավորներով հանձնեց քննություններն ու ընդունվեց անվճար համակարգ»,-ասում է հերոսի մայրը։
Տիկին Աստղիկը որդուն նորովի է բացահայտել ընկերների պատմություններով։ Մխիթարի ընկերական շրջապատը մեծ էր, լավագույնն էր` նաև որպես ընկեր: Այնտեղ, որտեղ Մխիթարն էր, մշտապես տիրում էր բարձր տրամադրություն:
«Բանակում էլ էր կատակասեր, պատմում են, որ վերցնում էր Ռաֆայելոյի կոնֆետների երկու տուփ, լցնում էր իր վրա ու ասում էր՝ ես Կլեոպատրայի ամուսինն եմ։ Այդ կոնֆետներից շատ էր սիրում»,-պատմում է նա։
Բանակում ևս լավագույններից էր՝ օրինակելի շարքային, ապա սերժանտ ու դիրքի ավագ։ Ծառայում էր Հադրութում։ Հունվարին պետք է զորացրվեր։ Ուզում էր վերադառնալ, ուսմանը զուգահեռ աշխատել, իսկ ամենամեծ նպատակը լավ ընտանիք կազմելն էր։
«Երբեք չի խուսափել ծառայությունից, ասում էր՝ գնամ հայրենիքիս հանդեպ պարտքս կատարեմ ու գամ, հանգիստ ապրեմ։ Նպատակները շատ մեծ էին։ Ծառայությանը շատ հարմարվել էր, չեմ հիշում ոչ մի դեպք, որ բողոքեր կամ տրտնջար, այնտեղ իրեն շատ լավ էր զգում։ Բանակի օրվա կապակցությամբ շնորհակալագիր էր ստացել, վերջերս էլ «Քաջարի մարտիկ» շքանշան, բայց չհասցրինք շնորհավորել։ Բազմիցս ճանաչվել էր լավագույն դիրքի ավագ։ Շատ սրտացավ էր իր դիրքի նկատմամբ, մասնակցում էր վերանորոգման աշխատանքներին, հողամաս էին սարքել, կարտոֆիլ ու խաղող էին աճեցնում, մատուռն էին վերանորոգել։ Հարցնում էի՝ ինչի համար ես այսքան չարչարվում, ասում էր՝ որ ինձանից հետո գան, օրհնեն»,-հիշում է Մխիթարի մայրը։
Մեծ էր պատասխանատվությունը ծառայության, զինվորների հանդեպ։ Բանակում մեկը մյուսին պետք է թիկունք լինեին ու պաշտպանեին։
«Մի օր բարձրաստիճան պաշտոնյա էր եկել ստուգման իր դիրք։ Մխիթարիս հարցրել էր՝ որն է իր պարտականությունը որպես դիրքի ավագ։ Տղաս ասել էր՝ եթե տասը հոգով բարձրանում ենք դիրքեր, տասը հոգով էլ պետք է իջնենք»,- ասում է մայրը։
Տիկին Աստղիկը վերջին անգամ որդուն տեսել էր նախորդ տարվա հուլիսին։ Խոսել էր պատերազմի առաջին օրը, ապա կապը կորել էր։ Հարմար առիթի դեպքում Մխիթարն էր զանգում, հարազատներին հանգստացնում՝ ասելով, որ իրավիճակը վատ չէ։
«Երբ պատերազմը սկսվեց, ամուսինս շտապեց Արցախ, որ Մխիթարիս կողքին լիներ, բայց մի գիշեր մարտերի մեջ լինելուց հետո վիրավորվել էր ԱԹՍ-ի հարվածից ու այդպես էլ չէին հանդիպել։ Մենք հետո ենք իմացել՝ ինչ թեժ մարտերի մեջ է եղել Մխիթարս՝ ավելի վատ, քան պատկերացնում էինք։ Հրամանատարի հետ միասին թեժ մարտեր են մղել, հետո հրամանատարը զոհվել է ու նրանք մնացել են մենակ ամենավտանգավոր ու տեսանելի հատվածներում։ Պատերազմից առաջ երազ է տեսել, թե իբր Մարիամ Աստվածածինն ասել է՝ դու անմահ ես։ Սրբի նկարը միշտ բաճկոնի գրպանում էր։ Ընկերները պատմում են, որ պատերազմի ժամանակ ասել էին՝ զգույշ կլինես, Մխիթարս ասել էր՝ ես չեմ մեռնելու, երազ եմ տեսել»,-պատմում է տիկին Աստղիկը։
Պատերազմի դաշտում Մխիթարի հետ թեժ մարտերի մեջ էր նաև հերոս ընկերը՝ Հայկ Սահակյանը։ Ընկերները շտապել էին օգնել զինակցին, փրկել էին նրա կյանքը՝ չխնայելով իրենցը։
Տիկին Աստղիկն ընտանեկան ալբոմն է թերթում ու ամեն նկարի հետ հիշում հին օրերը, երբ ընտանիքով հաճախ լինում էին Արցախում, Մխիթարի ծննդյան օրն ու Ամանորը նշում դիրքերում։ Հիշում է հուլիսյան հանդիպումը, երբ վերջին անգամ գրկեց ու համբուրեց որդուն։ Ասում է՝ ոչինչ առաջվանը չի լինի, բայց ապրում ու առաջ է նայում հանուն դստեր ու հանուն նրա, որ մարդկանց պատմի որդու հերոսությունների մասին, նրա հիշատակը միշտ վառ պահի։
«Մխիթարս պայծառ ու վեհ մի անձնավորություն էր։ Նա իմ լույսն է»։
Պատրաստեց Սյուզի Մուրադյանը
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի եւ Մխիթար Գալեյանի հարազատների անձնական արխիվի