Կարենի մասին գրել էի դեռ փետրվարին. դասակի հրամանատարը թողել, փախել էր, իսկ նա և ընկերը, մի քանի տեղից վիրավոր լինելով, ինքնասպան էին եղել, որպեսզի գերի չընկնեն: Հետո պետք է իմանայի, որ Կարենն էլ շատ տղերքի պես դաստիարակվել էր Աբաջյան Ռոբերտի օրինակով:
Անցած շաբաթ Կարենի հարազատ Ագարակում էի՝ նրա պատմությունը լուսաբանելու համար: Մի ողջ երեկո նրա հարազատների հետ անցկացրեցի: Մի ողջ մեծ ընտանիք ապրում ու շնչում էր Կարենով, անդադար պատմում էին նրա ընկերասիրության, նրա հերոսությունների մասին: Նրանք պատմում էին ընդամենը 19 տարի ապրած մի տղայի պատմություն, բայց ասես մի ողջ կյանք ապրած մարդու մասին խոսեին... Կարենը հասցրել էր քիչ, թե շատ վայելել կյանքը:
Հիմա այդ մեծ ընտանիքն ուղղակի մտածում էր այդ հերթական օրն էլ մթնեցնելու մասին... առանց Կարենի իրենց կյանքն էլ առաջվանը չի լինի....
Ես չեմ պատմի, թե ինչպես ապրեց Կարենը, դրա մասին անգամ Ագարակի բնակիչներն էին ամեն քայլափոխի պատմում ու աչքերն արցունքով լցնում: Ես կպատմեմ, թե ինչպես նա զոհվեց: Իսկ զոհվեց նա հերոսաբար, ինչպես, որ կռվել էր ողջ պատերազմի ընթացքում: 20 տարեկանը դեռ չբոլորած էս տղեն զոհվեց 30-40 տարեկան վախկոտների պատճառով, զոհվեց նրանց դավաճանության արդյունքում: Ու հազարավոր Կարենի պես տղերք զոհվեցին, այդպես էլ չիմանալով, որ իրենց դավաճանել են...