Գեղամ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին ընտանիքից գաղտնի կամավոր մեկնել էր Արցախ, ինչի մասին ընտանիքը հաջորդ օրն առավոտյան է իմացել:
«Այդ օրն ասաց՝ մամ, ուշ եմ գալու գիշերը, հաջորդ օրն ասաց, որ գնացել է պատերազմ: Գիտեր՝ եթե նախօրոք ասեր, դեմ կկագնեինք»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Գեղամ Սարգսյանի մայրը՝ Լուսինե Սարգսյանը:
Գեղամին տարել են Ջաբրայիլ, որտեղ էլ հոկտեմբերի 7-ին նահատակվել է՝ իր 28-ամյակից 20 օր առաջ:
«Գիշերը շատ երկար ու ծանր մարտեր են ունեցել: Լուսադեմին արդեն հանգիստ է եղել: Ասել է՝ գնամ, տեսնեմ՝ մյուս դիրքի տղաները ոնց են ու դուրս գալիս իրեն ԱԹՍ-ն հարվածել է»,- ասաց Գեղամի մայրը:
Լուսինե Սարգսյանի խոսքով՝ իր որդու եւ հազարավոր զոհերի հիմնական մեղավորը ներկայիս իշխանությունն է, քանի որ իրենք կարող էին պատերազմը դադարեցնել երրորդ կամ չորրորդ օրը:
«Իշխանությունն իմանալով երեխեքին տարավ: Ո՞ւր էր տանում: Ասում են՝ ծախված էր, իրենք բոլորից լավ գիտեին: Որ ասում են դրել են գրպանը, իրենք վերցրել են ու իրենց գրպանը դրել: Ես միայն ուզում եմ, որ իրենք զգան այն, ինչ ես եմ զգացել: Թող իրենց կյանքի միակ իմաստն էլ դառնա այն, որ առավոտյան գան այստեղ, իրիկունը չուզեն տուն գնալ»,- հավելեց Լուսինե Սարգսյանը: