19-ամյա սերժանտ, հրետանու հաշվարկի հրամանատար Միքայել Դանիելյանը ծառայության մեկնելուց առաջ վերջին ամիսներին բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում. Գրին-քարտ ուներ եւ կարող էր չվերադառնալ Հայաստան:
«Չէր կարողանում համակերպվել այն մտքին, որ կարող է չծառայել: Գերադասեց վերադառնալ հայրենիք ու իր պարտքը տալ, բայց ճակատագիրն այլ կերպ դասավորվեց. վերադարձավ ու հավերժ մնաց իր հայրենիքում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Միքայել Դանիելյանի հայրը՝ Խաչիկ Դանիելյանը:
Միքայելը ծառայության էր մեկնել 2019 թվականի ամռանը: Վեց ամիս ծառայել էր Լուսակերտում, ապա որպես հրետանավոր մեկնել Արցախ՝ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղ:
Պատերազմի օրերին Միքայելը գրեթե ամեն օր զանգում էր հարազատներին:
«Ասում էր՝ անհոգ եղեք, մեր դիրքերն ամուր են: Իրենց հերոսություններից պատմում էր: Առաջիններից են եղել, որ հակահարված են տվել պատերազմի սկսվելու պահին: 35 օր կռվել ու չեն նահանջել»,- նշեց Միքայելի հայրը:
Խաչիկ Դանիելյանը որդու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 1-ին՝ նրա մահվան օրը:
«Հակահարվածային գործողություններն իրականացնելուց հետո հասցրել են մտնել թաքստոց, բայց ռմբակոծության պահին իրենց թաքստոցը փլուզվել է: Երկու սերժանտ եւ երկու լեյտենանտ զոհվել են»,- հավելեց Խաչիկ Դանիելյանը:
Միքայել Դանիելյանն անվճար ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Ապագա ծրագրավորող էր:
Միքայել Դանիելյանը հուղարկավորվել է նոյեմբերի 7-ին «Եռաբլուրում»: