30–ամյա Խաչատուրի հետմահու «Մարտական ծառայության» մեդալը Եռաբլուրում ստացավ նրա 4–ամյա որդին


30–ամյա Խաչատուրի հետմահու «Մարտական ծառայության» մեդալը Եռաբլուրում ստացավ նրա 4–ամյա որդին
Մարտ 22 17:20 2021

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անմնացորդ նվիրումի համար, N զորամասի ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, ենթասպա Խաչատուր Խաչատուրյանին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու շնորհված «Մարտական ծառայության» մեդալը, այսօր՝ մարտի 22–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում  ստացավ նրա ավագ որդին։

Չնայած, 4–ամյա Հովհաննեսը հաճախ է այցելում է հոր շիրիմին, բայց կարծում է, որ հայրը Սիրիայում է, որտեղ նա եղել էր ամիսներ առաջ, եւ սպասում է հոր վերադարձին։

Խաչատուրը 12 տարի ծառայել է հայոց բանակում, նախ որպես ժամկետային, ապա պայմանագրային զինծառայող։ Ծառայում էր հատուկ նշանակության զորքերում։

«Նա սիրում էր հայրենիքը, իր ծառայությունը, համազգեստը, իր համար դա միայն աշխատանք չէր, այլ իր կյանքն էր։ Լուսավոր, ազնիվ ու շատ հետաքրքրասեր էր, սիրում էր ամեն ինչ փորձել»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրի կինը՝ Աննան։

Խաչատուրը զոհվել է հոկտեմբերի 2–ին։ Օմարի կարեւորագույն բարձունքն ազատագրելու ընթացքում, երբ փորձել է ընդառաջ գնալ մարտական ընկերոջն օգնություն ցուցաբերելու նպատակով, սրտի շրջանում թշնամու դիպուկահարից ստացած կրակոցից զոհվել է։

«Վերջին անգամ խոսել էինք հոկտեմբերի 1–ին, ասաց՝ Աննա, երեխեքիս լավ կպահես, լավ մնացեք ու կապն ընդհատվեց»,– պատմեց Աննան։

«Մարտական ծառայության» մեդալը Խաչատուրի առաջին պարգեւատրումը չէր։ Տարիներ առաջ նրան շնորհվել էր ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալը։ Հարազատներից Իրման հիշում է, որ երբ Խաչատուրը ստացել էր այդ մեդալը, ասել էր, որ այն իր համար շատ սպասված է, որովհետեւ մանկությունից այնպիսի կենսագրություն է կերտել, որ արժանանա այդ մեդալին։

«Ասացի՝ Խաչատուր ջան, ինչքան ես ուրախացել այդ մեդալի համար, ասաց՝ դու չգիտես, թե դա ինչ մեդալ է։ Հիմա թող ինքը լիներ ու իր ձեռքով ստանար այս՝ «Մարտական ծառայության» մեդալը»,– արցունքներն աչքերին ասաց Իրման։

Խաչատուր Խաչատուրյանը զոհվել է 30 տարեկանում։ Նա ունի երկու որդի, 4–ամյա Հովհաննեսն ու 2–ամյա Մարկը։