Կրտսեր սերժանտ, դիրքի ավագ Վահե Եղիկյանը առաջին անգամ բեկորային վնասվածք ստանալուց հետո հրաժարվել է տեղափոխվել հոսպիտալ և շարունակել է մարտը՝ ապահովելով ընկերների նահանջը։
«Տղաներն ասում են, որ ոտքը հազիվ էր քարշ տալիս, բայց նորից բարձրացել է դիրքեր՝ թեպետ ընկերները շատ են համոզում, որ չբարձրանա։ Վերջում, երբ իրենց գլխին ականանետերի և գրադի անձրև է տեղացել, նահանջի հրաման են ստացել։ Ու որոշում են ասպետական քայլ անել, չգրված օրենք՝ երկու դիրքի ավագ՝ մեկը Վահեն և իրենց լեյտենանտը, մնալով այդ դիրքում, նահանջ են ապահովում մյուսների համար։ Հետո, երբ հերթը հասնում է իրենց նահանջին, բնականաբար, Վահեի ոտքը թույլ չի տալիս նորմալ վազել, և այդ ժամանակ արկը է պայթում։ Տղաներից մեկը կանտուզիա է ստանում, մյուսը՝ բեկորային վնասվածքներ։ Մինչև իրենք ուշքի են գալիս, տղաս արնաքամ է լինում և ճանապարհին մահանում է։ Վահեին տեղափոխել են Ջաբրայիլի գնդի հրամանատարի մեքենայով։ Գնդի հրամանատարը չկար, վարորդը չկար, մեքենան էլ չոլում գցած էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վահե Եղիկյանի հայրը՝ Արթուր Եղիկյանը։
19-ամյա Վահեն բանակ զորակոչվել էր 2019 թվականի հունիսի 11-ին՝ ընդունելության քննությունները հանձնելուց երեք օր անց։ Վահեն ընդունվել էր Սլավոնական համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժին։
«Տղայիս հետ վերջին անգամ տղայիս խոսել եմ սեպտեմբերի 27-ին։ Ձայնի մեջ խուճապ և վախ կար, ասաց՝ մամ, մեզ հետ ամեն ինչ նորմալ է, զբաղված եմ, հետո կզանգեմ։ Այդ ընթացքում միայն աղջիկս հասցրեց ասել՝ Վահիկ, մենք քեզ շատ ենք սիրում։ Չգիտենք՝ լսեց, թե՝ ոչ ․․․»,- նշեց Վահեի մայրը՝ Կարինե Մուրադյանը։
Տիկին Կարինեն ստեղծել է «Հավերժ» հասարակական կազմակերպությունները, որտեղ միավորվել են նահատակված զինծառայողների մայրերը։ Ծնողները հաճախ են հանդիպում, միջոցառումներ կազմակերպում, նամակներով շփում, որտեղ պատմում են իրենց զավակների մասին։
«Մենք շատ խոցելի խումբ ենք այս իրականության մեջ, և մեզնից լավ մեր ցավը ոչ մեկը չի հասկանա։ Դա դարձել է մեր նոր կյանքը։ Անցյալն այլևս մեր հետ կապ չունի։ Անցյալը մնացել է անցյալում։ Սա նոր կյանք է, որի մեջ դու փորձում ես ապրել, որովհետև կորստի հետ գնում է քո անձը և այն ինչ կար անցյալում»,- պատմեց Կարինե Մուրադյանը։
Վահեն ծնվել է մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը։
«Հպարտություն էր, բայց հոգու խորքում միշտ վախենում էի դրանից։ Տղայիս ծնվելու օրը ասացի՝ մինչև 18 տարին անցնի, տղայիս ծառայելու ժամանակը գա, Արցախի հարց լուծված կլինի, պատերազմ էլ չի լինի․․․»,- ավելացրեց Վահեի մայրը։
Վահե Եղիկյանը նահատակվել է սեպտեմբերի 30-ին Ջաբրայիլում բեկորային վնասվածքներից։ Հուղարկավորվել է հոկտեմբերի 26-ին «Եռաբլուրում»։