Արցախում նահատակված 31-ամյա Դավիթ Սամվելի Թևանյանը մեկն է այն հայորդիներից, որ կյանքը տվեցին հանուն հայրենիքի։
Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, Դավիթը նախ ծառայության էր անցել Կուբաթլուի N զորամասում, ապա տեղափոխվել Կապանի զորամաս։ 2020 թվականի հունվարին կրկին վերադարձել էր Կուբաթլու, զորամասի շտաբի պետն էր, կոչումով՝ մայոր։
Դավիթը 2014 թվականին էր ամուսնացել, ունի 2 զավակ։ Զոհված սպայի այրին՝ Համեստ Պողոսյանը, 168.am-ի հետ զրույցում հիշեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ի մղձավանջը, երբ վաղ առավոտյան՝ կրակոցների և պայթյունների ձայների տակ, երեխաների հետ լքեցին Կուբաթլուն.
«Երբ պատերազմը սկսվեց, մենք ընտանիքով այնտեղ էինք, բայց Դավիթը տանը չէր՝ ծառայության էր։ Առավոտյան մեզ ասացին, որ պետք է գնանք ապաստարաններ, հետո ասացին՝ պետք չէ գնալ ապաստարաններ, այլ պետք է դուրս գանք, երեխաներին պետք է հանենք այստեղից։ Դուրս եկանք, մեզ ճանապարհեցին, բայց ես Դավիթին էլ չէի տեսել, զանգով խոսեցինք, իմացավ, որ տեղ ենք հասել, ասաց՝ մեր մոտ ամեն ինչ լավ է, նորմալ է․․․»։
Պատերազմի ընթացքում զորամասի հրամանատարը զոհվում է, իսկ Դավիթը ծանր վիրավորում է ստանում, սակայն հրաժարվում է իր զինվորներին մենակ թողնել և գնալ հոսպիտալ․
«Չի թողել կռվի դաշտում իր զինվորներին, մինչև վերջ պայքարել է նրանց համար, ասել է՝ այս երեխեքի ծնողներին ո՞նց պատասխան տամ, ես պետք է իրենց կողքին լինեմ, չեմ կարող գնալ պառկել հոսպիտալում, ինչքան էլ որ վիրավոր եմ․․․ Չի կարողացել լավ քայլել, ոտքերից այրվածքներ է ունեցել, ինչքան խնդրել, աղաչել են՝ արի գնա հոսպիտալ, չի գնացել, մինչև վերջին րոպեն իր զինվորների հետ է եղել, պայքարել է նրանց համար»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթի մայրը՝ Նարինե Քոչարյանը։
Զոհված սպայի մայրը ցավով ասաց, որ նույն զուգադիպությամբ 31 տարեկանում կյանքից հեռացել էր նաև Դավիթի հայրը․
«Ինքը փոքրուց առանց հայր է մեծացել, 8 տարեկան էր, երբ նրա հայրը մահացել էր, ու նույն ճակատագիրն էլ ինքն ունեցավ, ինքն էլ 31 տարեկանում մահացավ՝ իր 2 փոքր բալիկներին թողնելով»։
Դավիթը շատ խիստ և կարգապահ զինվորական էր, միևնույն ժամանակ՝ չափից դուրս հոգատար իր զինվորների նկատմամբ․
«Գնում էր խանութ, իր գումարով ինչ որ պետք է՝ առնում էր, տալիս էր իր զինվորներին, ասում էր՝ ես անցել եմ այդ ուղին, միշտ օգնում էր իր զինվորներին շատ էր սիրում․․․»,- պատմեց զոհված սպայի մայրը։
Պատերազմի օրերին Դավիթն ընտանիքի անդամների հետ խոսելիս վստահեցրել է, որ անհանգստանալու կարիք չկա, ամեն բան նորմալ է, սակայն զոհվելուց 2 օր առաջ՝ հոկտեմբերի 6-ին, մորը խնդրել է տեսազանգով կապ հաստատել իր հետ, երևի սիրտը մի բան զգացել էր, ասում էր մայրը․
«Երբ տեսազանգով խոսեցի իր հետ, այնքան տխուր էին աչքերը։ Ասացի՝ Դավիթ, տղա ջան, ի՞նչ կա, մի լավ բան կլինի՞, գլխով այսպես արեց (ոչ)։ Դա երբեք կյանքում չեմ մոռանա, իր այդ թախծոտ աչքերը, իր դեմքը․․․ Խելագարվել կարելի էր, մինչև հիմա էլ չենք հավատում, որ ինքը չկա, միշտ գիտենք, որ ինքը մեզ հետ է…»։
Պատերազմի օրերին Դավիթը զորքի հետ մի քանի անգամ շրջափակման մեջ է հայտնվել, սակայն կարողացել է զինվորներին անվնաս դուրս բերել շրջափակումից, իսկ արդեն հոկտեմբերի 8-ին Ջաբրայիլում հերոսաբար զոհվել է։
Դավիթ Թևանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին՝ Սիսիանի զինվորական պանթեոնում։ Նա հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության շքանշանով։