Ամեն զանգի ժամանակ ասում էր՝ մամ, գալու եմ, հաղթելու ենք. Լևոն Մանուկյանը գնացել էր ընկերոջ աճյունը դուրս բերելու


Ամեն զանգի ժամանակ ասում էր՝ մամ, գալու եմ, հաղթելու ենք. Լևոն Մանուկյանը գնացել էր ընկերոջ աճյունը դուրս բերելու
Մարտ 7 22:22 2021

«Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 8-ը ես Լևոնի հետ չեմ խոսել։ Սեպտեմբերի 29-ին իրենք Թալիշում շրջափակման մեջ են ընկել։ Հոկտեմբերի 8-ին զանգեց, ասաց՝ մամ, փրկվել եմ, շրջափակումից դուրս եմ ընկել, քո աղոթքները տեղ են հասել: Վերջին անգամ տղայիս հետ խոսեցի հոկտեմբերի 13-ին՝ առավոտյան: Ասաց՝ մամ, գնում ենք Մատաղիսն ազատագրելու: Ասում էր՝ ընկերոջս դին այնտեղ է մնացել, պետք է վերադարձնեմ իր ծնողներին: Ընկերոջ՝ Վահեի մարմինը պաշտպանելու համար փոս էր փորել ու ճյուղերով ծածկել էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Լևոն Մանուկյանի մայրը՝ Նելլի Ղահրամանյանը:

Լևոնի մահվան մասին ընտանիքի անդամները հոկտեմբերի 23-ին են իմացել:

«Տարբեր ճանապարհներով փորձում էինք Լևոնից լուր իմանալ: Հոսպիտալում զինակից ընկերոջը տեսանք, ասաց՝ մարտի ժամանակ Լևոնի հետ եմ եղել, բայց վիրավորվելուց հետո իրեն չեմ տեսել: Թալիշի շրջափակման ժամանակ Լևոնն իր սպայի կյանքն էր փրկել և դրանից հետո խնդրում էր, որ նրան հաճախակի այցելեմ հոսպիտալ: Հերթական այցելության ժամանակ՝ հոկտեմբերի 23-ին, ինձ մոտացավ նրա կինը և ասաց՝ Նելլի, քո տղան հերոս է, ասացի՝ ես գիտեմ, որ իմ տղան հերոս է, պատասխանեց՝ Լևոնը հերոս է երկնային կյանքում...»,- ասաց Նելլի Ղահրամանյանը:

Լևոնը սովորում էր Երևանի N 6 արհեստագործական պետական ուսումնարանում՝ որպես վարսահարդար:

«Իր մասնագիտությունը շատ էր սիրում: Նպատակ ուներ՝ բանակից վերադառնալուց հետո աշխատել ու մեր տան երկրորդ հարկը կառուցել»,- նշեց Լևոնի մայրը:

Լևոն Մանուկյանը նահատակվել է հոկտեմբերի 14-ին Մատաղիսում անօդաչու թռչող սարքի հարվածից: Հուղարկավորվել է հոկտեմբերի 25-ին «Եռաբլուրում»:

«Իմ տղան ամեն զանգի ժամանակ ասում էր՝ մամ, գալու եմ, հաղթելու ենք, հաղթելու ենք: Տղաս հաղթեց, բայց երկնային կյանքում...»,- ասաց մայրը: