Կապիտան Արմեն Պետրոսյանը զոհվեց Մարտակերտում՝ չզիջելով ոչ մի թիզ հող, հիմա նույն դիրքում ծառայում է նրա կրտսեր եղբայրը


Կապիտան Արմեն Պետրոսյանը զոհվեց Մարտակերտում՝ չզիջելով ոչ մի թիզ հող, հիմա նույն դիրքում ծառայում է նրա կրտսեր եղբայրը
Փետրվար 27 23:17 2021

Արցախում նահատակված կապիտան Արմեն Պետրոսյանը Սյունիքի մարզի Լծեն գյուղից էր, երեք եղբայրներից ավագը։ Արմենին այսպես էին անվանակոչել՝ ի պատիվ նրա հորաքրոջ որդու, որն 90-ականների Արցախյան պատերազմում էր զոհվել։ Զինվորականի մասնագիտությունը Արմենին հետաքրքրել է դեռ դպրոցական տարիքից, ութերորդ դասարանը նոր էր ավարտել, երբ հորը հայտնում է զինվորական դառնալու  ցանկության մասին:

2016 թվականին արդեն ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը՝ իր ցանկությամբ աշխատանքի է անցնում Մարտակերտի N զորամասում՝ որպես մարտկոցի հրամանատար։

 
 

Արմենի մայրը՝ Ժանետա Մանուկյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին չափից դուրս հոգատար էր, ինքն իր մասին այդքան չէր մտածում, որքան եղբայրների մասին։ Միջնեկ եղբայրը համալսարանում է սովորում, և Արմենն այդ պատասխանատվությունն իր վրա էր վերցրել, իսկ ահա կրտսեր եղբայրն իր զինվորն էր, սակայն, ինչպես մայրը նշեց, որևէ տարբերություն չէր դնում հարազատ եղբոր և մյուս զինվորների միջև․

«Փոքր տղաս ասում է՝ մամ, չէին հավատում, որ Արմենը եղբայրս է, ասում էին՝ Արտակ, կարո՞ղ է՝ խորթ է։ Ոչ մեկը չի զգացել, որ Արմենի հարազատ եղբայրն իր զինվորն է եղել, ոչ մի տարբերություն չի դրել, զինվորը զինվոր է մնում։ Ասում էի՝ Արմեն, լավ կնայես Արտակին, պատասխանեց՝ մամ, ի՞նչ նայեմ, զինվոր է, թող ծառայի՝ բոլոր զինվորների նման․․․»։

Արմենը կապիտանի կոչումը նոր էր ստացել,  բայց ծնողներին չէր հասցրել ասել.

«Սեպտեմբերի 27-ին ստացել էր կոչումը, բայց չենք իմացել, չի ասել, երևի ավելի կարևոր գործ ուներ ինքը, ավելի մեծ առաքելություն ուներ ու պատվով դուրս եկավ այդ առաքելությունից․․․ Մինչև իր զոհվելն ինքը զոհ չի ունեցել, Արտակս՝ փոքր որդիս, ասում էր՝ մամ, ամեն զինվորի համար դողում էր, ամբողջ պատասխանատվությունն իր ուսերին էր վերցրել»։

Արմենի հայրը՝ Գևորգ Պետրոսյանը, պատմեց, որ պատերազմի ավարտից հետո է միայն իմացել, թե որդին առաջնագծում ինչ սխրանքներ է գործել․

«Իմ տղեն ծառայելով Մարտակերտում՝ որպես հրետանավոր, իր մարտկոցով, իր ենթականերով պահել է իրենց վստահված ամբողջ ուղղությունը։ Դա ես չեմ ասում, իր հրամանատարությունն է ասում, որ՝ քո տղեն հերոս է, մենք ներկայացրել ենք քո տղու արժանիքները․․․ Պատերազմից հետո իմացա, որ իմ տղեն ոչ մի սանտիմետր այդ ուղղությունից չի թողել թուրքը ներս մտնի, առ այսօր այդ ուղղությունը պաշտպանվում է, որին մասնակից է նաև իմ փոքր տղան։ Այն դիրքը, որտեղ զոհվել է Արմենս, հիմա  պահում է փոքր որդիս՝ որպես ժամկետային ծառայող»։

«Շատ ծանր է որդի կորցնելը, բայց ամեն դեպքում ես հպարտ եմ, իրոք, սրտիս խորքում հպարտ եմ, որ Արմենի նման որդի եմ ծնել ու դաստիարակել։ Սփոփանք չկա, բայց ամեն դեպքում գոնե մի կողմից՝ մտածում ենք, որ ինչպիսի տղա ենք մեծացրել, իրոք հերոս տղա։ Զինակիցներն անընդհատ այցելում են և՛ մեզ, և՛ պանթեոն են գնում, էլի իրենցից ենք իմացել, թե Արմենն ինչպես է պաշտպանել․․․ Ասում են՝ պետք է հպարտանաք, որ Արմենի նման որդի ունեք, ամբողջ Մարտակերտն Արմենի մասին է խոսում․․․»,- պատմեց կապիտանի մայրը։

Արմենի մորեղբայրը՝ Աշոտ Մանուկյանն էլ, հիշեց Արմենի կրտսեր եղբոր պատմածները, թե ինչպես է պաշտպանել իր զինվորներին, միևնույն ժամանակ՝ կռվել թշնամու դեմ․«Այն կողմից Արմենին կանչեցին՝ Պետրոսյան, վիրավոր զինվոր ունենք, ասում է՝ Արմենն ամեն ինչ թողեց, վազելով գնաց այդ զինվորի մոտ, տեսավ, որ այդ զինվորն արնաքամ է լինում, ոչ մի բժիշկ չկար, վիրակապ չկար, արագ-արագ իր շորերը հանեց, վիրակապեց, արյունը կանգնեցրեց, մեկ էլ մյուս կողմից կանչում են՝ Պետրոսյա՜ն, թուրքերը հարձակվում են մեզ վրա, շուտ հասի, Արմենը վազելով գնացել է ու իր հրամանով թուրքի առաջխաղացումը կասեցրել են, ափսոս՝ մահացու բեկորային վիրավորում է ստացել, բայց կասեցրել է թշնամու առաջխաղացումը»։

Արմենը շատ երազանքներ ուներ, որոնք մնացին անավարտ.

«Սիրած աղջիկ ուներ Մարտակերտից, անընդհատ հարցնում էինք՝ Արմեն, անձնականդ, ասում էր՝ հիմա դրա ժամանակը չէ, ամբողջ օրը դիրքերում, ազատ ժամանակ չէր ունենում, բայց արդեն սիրած աղջիկ ուներ, որոշել էր ամուսնանալ, բայց երազանքները կիսատ մնաց, թե տղայիս, թե աղջկա․․․ Ինչքան էլ ծանր լինի, բայց ամեն դեպքում հպարտ եմ, որ հերոսի մայր եմ, բայց երբեք չեմ ցանկանա, որ այս իմ հպարտությունը մեկ այլ մայր էլ զգա, բոլոր զինվորները թող ծառայեն խաղաղ երկնքի տակ։ Ցանկանում եմ, որ ոչ մի մոր աչք արցունք չտեսնի և չզգա այն տառապանքը, այն ծանր վիշտը, որ բոլոր զոհված որդիների մայրերն են տեսել։ Բոլոր զոհված մայրերի անունից ցանկանում եմ, որ բոլոր զինվորները ծառայեն խաղաղ երկնքի տակ և հասնեն իրենց սիրած աղջիկներին իրենց մայրերին․․․»։

Արմեն Պետրոսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոտեմբերի 17-ին՝ Սիսիանի զինվորական պանթեոնում։