«Պատերազմի ժամանակ, երբ կյանքդ հարցականի տակ է, առաջինն ընտանիքիդ մասին ես մտածում։ Ընտանիքիս անդամները չեն իմացել, որ մասնակցում եմ մարտական գործողությունների։ Այդ ժամանակ հասկանում էինք, թե ինչ են զգում մեր ծնողները, եւ գրեթե բոլորս գաղտնի էիք պահում նրանցից, որ մասնակցում ենք պատերազմին»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Յուրա Ալավերդյանը։
Յուրայի ընտանիքի անդամներն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձի միջոցով էին տեղեկացել, որ իրենց որդուն հերոսի կոչում է շնորհվել։
«Արայիկ Հարությունյանի ուղերձը նայեցինք եւ կասկած չունեինք, որ խոսքը մեր Յուրայի մասին է։ Մեծ հպարտություն, բայց միաժամանակ անհանգստություն զգացի»,- պատմեց Յուրա Ալավերդյանի մայրը։
Յուրան եւ Արցախի պատերազմում անմահացած հերոս Դավիթ Գրիգորյանը, ում հետ Յուրան ծառայել է առաջին օրվանից, այդ ուղերձի միջոցով են իմացել իրենց շնորհված կոչումների մասին։
«Մեզ կանչեցին հրամանատարական դիտակետ, այնտեղից Արայիկ Հարությունյանի խոսքը լսվում էր. այդպես էլ իմացանք»,- նշեց Յուրան։
Մարտական գործողությունների ժամանակ Յուրան եղել է Հադրութում, հետո՝ Մարտունիում, ապա՝ Ասկերանում։
«Սեպտեմբերի 27-ի առավոտյան արդեն դիրքերում էինք եւ պայթյուններից հասկացանք պատերազմի մասին։ Միանգամից զինվեցինք եւ անցանք գործողությունների»,- պատմեց Յուրա Ալավերդյանը:
Յուրան զորացրվել է հունվարի 10-ին։
«Շատ ուրախ էինք, աննկարագրելի էին մեր զգացողությունները։ Յուրան նույն հոգատար ու բարի տղան է մնացել, բայց պատերազմը նրան ավելի հասուն է դարձրել»,- նշեց Աննա Ալավերդյանը։
Յուրան սովորում է Ինֆորմատիկայի պետական քոլեջում։ Մինչեւ բանակ գնալը զբաղվել է տարբեր սպորտաձեւերով, նվաճել մեդալներ։
«Նախքան բանակ գնալը խաղում էի Ալաշկերտ ֆուտբոլային ակումբով, զբաղվում էի կարատեով։ Շուտով աշխատանքի եմ անցնելու Պաշտպանության նախարարությունում՝ որպես ծրագրավորող»,- ասաց Յուրան։
Նշենք, որ պատերազմի ընթացքում Յուրա Ալավերդյանը ոչնչացրել է թշնամու 12 տանկ եւ 1 միավոր ավտոտեխնիկա։