Ռուսական երգի ու պարի անսամբլը համերգային ծրագրով հանդես կգա ԼՂ–ում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի և տեղի բնակիչների համար


Ռուսական երգի ու պարի անսամբլը համերգային ծրագրով հանդես կգա ԼՂ–ում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի և տեղի բնակիչների համար
Փետրվար 21 18:22 2021

Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ հատուկ նշանակության Հրթիռային զորքերի կազմում ընդգրկված «Կրասնայա զվեզդա» երգի ու պարի անսամբլն ավելի քան 10 համերգներ կտա Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Անսամբլը շաբաթվա ընթացքում Մշակույթի տանը հանդես կգա մեծ համերգային ծրագրով՝ նախատեսված դիտակետերում հերթապահություն իրականացնող զինվորականների, ինչպես նաև տեղի բնակչության համար:

Ինչպես նշվում է, համերգային ծրագրում ավանդական համարներից բացի կներառվեն նաև ռազմահայրենասիրական ուղղվածության համաշխարհային դասական ստեղծագործություններ, ռուսական և այլ ազգային երգերի մշակումներ, բեմադրություններ, ինչպես նաև տարբեր երգեր ու պարեր:

Հիշեցնենք, որ նախօրեին Լեռնային Ղարաբաղում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: