Արցախում նահատակված 21-ամյա Վլադ Գրիգորյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Աղիտու գյուղից էր, տան միակ տղան։
Վլադի հայրը՝ Ալբերտը Գրիգորյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին 2020 թվականի հունվարին էր զորացրվել, իսկ 2 ամիս անց աշխատանքի էր անցել Նորավանի զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
«Վլադս շատ համեստ երեխա է եղել, շատ ընկերասեր, բոլորին հասնող։ 2018 թվականի հունվարին էր զորակոչվել բանակ, սկզբում ծառայել է Հոկտեմբերյանի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել էր Արցախ՝ Ֆիզուլի: Մեդալներ է ստացել, շնորհակալագիր, պատվոգիր, տանկիստ էր տղաս, իսկ արդեն ծառայությունից հետո պայմանագրային ծառայաության էր անցել հրետանային զորամասում»,- պատմեց զոհված զինծառայողի հայրը։
Վլադը ռազմաճակատ էր մեկնել պատերազմի հենց առաջին օրը, Մարտակերտում է եղել, ծառայակից ընկերների հետ ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին, ոչ մի թիզ չի նահանջել և հենց իրեն վստահված դիրքում էլ 5 մարտական ընկերների հետ հերոսաբար զոհվել է։
«Վերջին անգամ տուն էր զանգել հոկտեմբերի 18-ին, մամայի հետ է խոսել, ասել էր՝ լավ եմ, արխային եղեք, ամեն ինչ նորմալ է։ Մորն ասել էր՝ 2 օրից գալու եմ, հերթափոխ պետք է լիներ։ Ծառայակից ընկերներից պատմում են, որ 1 ժամ հետո Վլադը տուն պետք է գար, ընդամենը 1 ժամ էր մնացել, որ դիրքերից իջնեին, բայց թուրքական բայրաքթարը հարվածել է։ 6 ընկերներով են եղել այդ դիրքում, 6-ն էլ նույն զորամասում պայմանագրային զինծառայողներ էին, նույն գյուղից, բոլորն էլ այդ պահին զոհվել են․․․ Վլադս շատ գաղտնապահ էր, միշտ զանգում էր՝ լավ եմ, արխային եղեք, հաջող, վերջ։ Երբեք չէր բողոքում՝ սոված ենք, ծարավ ենք, ծանր է, դժվար է․ ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, լավ եմ, ու անջատում էր․․․ Առաջին օրվանից Մարտակերտում է եղել, այնտեղ էլ զոհվել է հոկտեմբերի 20-ին»,- պատմեց Վլադի հայրը։
Վլադի բնավորության նման համեստ էին նաև նրա երազանքները, ոչ մի ավելորդություն, ոչ մի ճոխություն, լավ ընտանիք կազմելու մասին էր երազում:
«Բանակից հետո տունն էր ուզում վերանորոգել, մեքենա առներ, ամուսնանար, ընտանիք ունենար․․․ Երազանքները դա է եղել,- հիշեց հերոսի հայրը, ապա ավելացրեց, որ որդու կորստի հետ չի համակերպվում, շատ է կարոտում,- Ծանր եմ տարել ու մինչև հիմա էլ ծանր եմ տանում, կարոտը խեղդում է, ինչ ասեմ՝ դժվար է, շատ դժվար է․․․»։
Վլադ Ալբերտի Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Սիսիանի զինվորական պանթեոնում։