ԵՊՀ–ում տեղի է ունեցավ արցախյան երրորդ պատերազմում զոհված համալսարականների հիշատակին նվիրված միջոցառում։ Մասնակցում են զոհված հերոսների հարազատները, ընկերները, դասախոսներն ու դասընկերները։
Tert.am-ի հետ զրույցում ԵՊՀ ուսանող Վահե Կարապետյանի մայրը նշեց, որ որդին առաջին կուրսն ավարտելուց հետո մեկնել է ծառայության, ծառայությունն ավարտել է 2019 թվականին: «Պատերազմը սկսվելուց հետո, հոկտեմբերի 15-ին ծանուցվեց, որ պիտի մեկնի հայրենիքը պաշտպանելու: Վահեն վիրավորվել է Շուշիում, զոհվել է նոյեմբերի 9-ին»:
Մայրը պատմեց, որ Վահեն ցանկանում էր իրենից փոքրերի կողքին լինել, ոչինչ իրեն չի պահել հայրենիքը պաշտպանելու ճանապարհից: Մայրը ներկայացրեց, որ Վահեն օպերատոր էր News.am լրատվական կայքում և անգամ տնօրենի այն հորդորները, որ նա այստեղ ավելի մեծ անելիք ունի, նրան հետ չի պահել հայրենիքը պաշտպանելու ուղուց:
«Նրա հետ վերջին անգամ նոյեմբերի 6-ին եմ զրուցել: Ես դեռ գիտեի, թե նա Արմավիրում է, չէր թողել, որ ինձ ասեին իր՝ Արցախում լինելու մասին»,-ասաց նա և հավելեց, որ երբ հիվանդանոցից զանգել են, ասել, որ անհայտ զինվոր են բերել, չի հավատացել, որ իր որդու մասին է խոսքը, հիվանդանոցում արդեն իր որդուն անգիտակից է տեսել:
Մանրամասները՝ տեսանյութում: