Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանը կյանքի 22 տարիները նվիրել է բանակին ու հայրենիքին: Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ էլ զորքին մի քանի անգամ փրկելուց հետո հայտնվել է շրջափակման մեջ ու զոհվել:
«Մեզ ասացին, որ վիրավորվել է: Շատ տխրեցինք, բայց մի պահ էլ ուրախացանք, մտածեցինք՝ ոչինչ, կարևորը՝ ողջ է: Թող գա, թող թեկուզ վիրավոր գա: Երրորդ օրը անունը գրվեց ցուցակի մեջ, հետո նորից ասացին որ ողջ է: Ու այդպես մի ամիս հույսով ու հավատով սպասեցինք, որ կվերադառնա, որովհետև նա ուժեղ էր: Նա հզոր էր: Չգիտեմ՝ ինչու այսպես եղավ», - Tert.am-ի հետ զրույցում պատմում է Անդրանիկի կինը՝ Աննա Գրիգորյանը:
Անդրանիկի ծառայությունը՝ որպես պայմանագրային զինծառայող սկսվել է Հադրութից: Այնտեղ ծառայել ու ապրել են 5 տարի: Հադրութն ամեն ինչի սկիզբն ու վերջն էր:
«Չէի պատկերացնում, որ Հադրութը մեզ հանգիստ չի թողնի, որ Հադրութը միշտ հիշելու եմ, որ Հադրութով վերջացավ ամեն ինչ: Իր աշխատանքը սկսվեց ու ավարտվեց Հադրութում», - ասում է Աննան:
Անդրանիկի ավագ որդին հպարտությունն ու ցավը լուռ է տանում: Կրտսեր որդին՝ Ալենը հոր մասին հպարտությամբ է խոսում՝ գլուխը բարձր, ճակատը՝ պարզ: Ասում է՝ հոր առաքելություններից մեկը հիմա իր ու եղբոր ուսերին է:
«Ես հայրիկիս նման հերոս պետք է լինեմ: Ես հիմա էլ եմ հերոս, ուժեղ հերոս եմ: Ես հերոսի որդի եմ: Պետք է ուժեղ լինեմ, որ իմ մայրիկին պաշտպանեմ», -ասում է Անդրանիկի որդին՝ Ալենը:
Անդրանիկ Մանուկյանը հասցրել է ծառայել նույնիսկ Աֆղանստանում: Այնտեղից վերադարձել պատվոգրերով ու մեդալներով: Սպա դառնալու միտքը սկզբում ծնողներին վախեցրել է: 10-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ավարտելիս էլ հայտնել՝ ծառայելու է Արցախում:
«Շարքում կանգնած էր, հարցրի՝ Անդո, որտե՞ղ են նշանակել ծառայության, ասաց՝ Արցախում: Այդ պահին կարծես երկրագունդը փուլ գար գլխիս: Կարծես հասկանայի, որ որդուս Արցախում կկորցնեմ», - պատմում է Անդրանիկի մայրը:
Անդրանիկը պատերազմից ոչ մի բառ չի պատմել: Ասել է՝ որ Արցախում չի լինելու: Նրա քաջության մասին լսել են մյուս սպաներից, որոնք պատերազմի ժամանակ Անդրանիկի կողքին են եղել: Կինն ասում է՝ Անդրանիկից մնացել են լուսանկարներն ու հուշերը, որոնցից ամեն մեկը առանձին ցավ է դարձել: