72 սպանված, 163 վիրավոր քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ-ը նոր տվյալներ է ներկայացրել


72 սպանված, 163 վիրավոր քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ-ը նոր տվյալներ է ներկայացրել
Հունվար 29 18:40 2021

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ հրապարակված միջանկյալ զեկույցը, որում ներառվել են նաև 2020թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը: Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՄԻՊ լրատվական ծառայությունից։ 

Զեկույցում ամփոփված են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ:

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք, որից 41-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, 31-ը՝ գերեվարման մեջ: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ նաև այլ ենթադրյալ դեպքերի վերաբերյալ ուսումնասիրություն պահանջող տեղեկություններ, որոնց հետազոտության արդյունքները կներառվեն Զեկույցի հետագա թարմացումներում:

Զեկույցի թարմացման պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմը շարունակում է տիրապետել անհետ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների, որոնց մի մասը հավանաբար գտնվում է ադրբեջանական գերության մեջ, իսկ մյուս մասը ենթադրաբար սպանվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այդ մասին են վկայում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան բնակավայրերում քաղաքացիական անձանց դիակների հայտնաբերման պարբերական դեպքերը:

Որոշ զոհերի մարմիններ գտնվել են մահից տևական ժամանակ անց, ինչը պահանջում է խորը մասնագիտական հետազոտություն կոնկրետ դեպքերում մահվան հանգամանքները մանրամասն արձանագրելու և կատարված հանցագործությունների հետքերը բացահայտելու համար, այդուհանդերձ որոշ դեպքերով ներկայացվել են նաև դատաբժիշկ-փորձագետի նախնական եզրակացությունները: