Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ Բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Ադրբեջանի նախագահի կեցվածքը հիմնավորապես հակասում է նոյեմբերի 10-ի եռակողմ Հայտարարությանը, որով չի կանխորոշվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, իսկ ռուս խաղաղապահների մուտքը՝ երաշխավորում տեղաշրջանի հայ բնակչության անվտանգությունը: Հայաստանի պատկան մարմինը՝ ԱԳՆ-ն, պարտավոր էր Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարման մասին համաձյանության կողմ հանդիսացող Ռուսաստնի Դաշնությանը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, Միավորված ազգերի կազմակերպությանը, ԵԱՀԿ -ին անհապաղ բողոքի նոտա հղել՝ իրազեկելով Ադրբեջանի նախագահի այլատյացության եւ նրա կողմից ուժի կիրառման սպառնալիքի մասին:
Ավելին, ձեր կառավարությունը պետք է հայտարարեր Ադրբեջանի հետ քաղաքական քննարկումների առկախում՝ մինչեւ Իլհամ Ալիեւը պաշտոնապես ներողություն կխնդրի Արցախի հայ բնակչությանը ֆիզիկական բնաջնջման կամ տոտալ բռնատեղահանության ենթարկելու իր մարդատյաց մտադրության համար:
Հայաստանի կառավարությունը, ցավոք, որեւէ կերպ չանդրադարձավ Իլհամ Ալիեւի սպառնալիքներին: Եւ ոչ միայն: Ադրբեջանի նախագահի վարքը քաղաքական գնահատականի չարժանացավ անգամ Ազգային ժողովի կողմից, որտեղ ձեր գլխավորած ուժը սահմանադրական մեծամասնություն ունի: Հայաստանի կառավարության եւ Ազգային ժողովի մեծամասնության այդ՝ առնվազն տարակուսանք հարուցող, կեցվածքն առաջացնում է երկու հարց. ա) Մոսկվայի եռակողմ հանդիպմանը քննարկվե՞լ է Ադրբեջանի նախագահի այցը Շուշի, բ) Հայաստանն ընդունու՞մ է, որ ,,Շուշին Ադրբեջան է եւ վերջ,,՝ դրանից ենթադրվող հետեւանքներով հանդերձ, որ Ադրբեջանի նախագահը ձեւակերպում է իբրեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես պետականության, դադարում: Ակնկալում եմ հստակ պատասխան:
Առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդի, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ գումարումների ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Վահրամ Աթանեսյան
17 հունվարի 2021թ.
Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Մաշտոցի 2 բն. 4
հեռ. 097280909
e-mail- [email protected]»: