Գևորգին ես ճանաչեցի, երբ նա արդեն զոհվել էր: Լուսանկարից նայող ծիծաղկոտ աչքերով, դալուկ դեմքով երիտասարդը հիշեցնում է հորը, որին ճանաչում եմ դպրոցական տարիներից: Գեղամ Կարապետյանի հետ Գառնիում նույն դպրոցում էինք սովորում: Գեղամն ասում է, որ երեխաները Երևանում էին բնակվում, բայց նրանց մանկությունը գյուղում է անցել: Որդին խոտն ավելի լավ էր հնձում, քան գյուղում բնակվող իր հասակակից տղաները:
Բայց Գևորգի երազանքը ճախրելն էր, տիեզերքի գաղտնիքներին հասու լինելը, օդանավի թռիչքը, որի մասին պատմությունները մանկուց լսել էր ավիատեխնիկ հորից: Բանակ մեկնելուց մեկ տարի առաջ ընդունվեց Ավիացիոն ուսումնական կենտրոն, ավիակարգավարի մասնագիտությամբ նա օդանավի ուղին պետք է կարգավորեր երկնքում:
«Տանը շատ ենք խոսել ավիացիայի մասին, Գևորգն ամբողջությամբ կլանվել էր այդ մասնագիտությամբ: Մեկ տարի սովորեց գերազանց առաջադիմությամբ և ավելի տեղեկացված էր ոլորտից, քան ես իմ 34 տարվա աշխատանքային փորձառությամբ»,- պատմում է հայրը՝ ավիատեխնիկ Գեղամ Կարապետյանը:
Գևորգի ուսումն ընդհատվեց Ավիացիոն կենտրոնում, ամռանը նրան զորակոչեցին բանակ, որն արդեն մի քանի տարի հետաձգվել էր թևը կոտրելու պատճառով: «Շատ էր ափսոսում, որ ուսումը կիսատ է թողնում: Այնքան տարված էր ավիացիայով, ամեն ինչ ուզում էր իմանալ, «Քարֆուր» սուպերմարկետում աշխատանքը թողեց, որպեսզի ամբողջ ժամանակը տրամադրի ուսմանը: Բանակ գնալուց առաջ բոլոր դասախոսությունները կազմել էր, դրանք պետք է ուղարկեինք իրեն՝ ծառայության հետ մեկտեղ ուսումը շարունակելու համար»,- պատմում է մայրը՝ Հասմիկ Կարապետյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։