Այլևս ոչինչ չունենք. զոհված մայոր Սերոբ Մելքոնյանի բազմանդամ ընտանիքը Շուշիում կորցրել է տունը


Այլևս ոչինչ չունենք. զոհված մայոր Սերոբ Մելքոնյանի բազմանդամ ընտանիքը Շուշիում կորցրել է տունը
Հունվար 15 21:23 2021



 27-ամյա մայոր Սերոբ Մելքոնյանը պատերազմը սկսվելուց արձակուրդի մեջ էր, սակայն մի քանի օր առաջ ժամանակից շուտ մեկնել էր զորամաս։

«Ամսի 24-ին կանչեցին զորամաս՝ ասելով, որ նորեկներ կան զորամասում, պետք է ծանոթացնել նրանց աշխատանքին։ Փոքր տարիքից զգացվում էր սերը դեպի ռազմական աշխարհը։ Երրորդ դասարանում ամեն գիշեր մի ֆիդայիի մասին կարդում էր, դնում բարձի տակ ու քնում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Արցախի համալսարանի նախնական զինվորական պատրաստության ֆիզկուլտուրայի բաժինը։ Զորակոչվեց բանակ, շատ լավ էր ծառայում, շնորհակալագրեր էինք ստանում հետո անցավ հիմնական ծառայության։ Սկզբում ծառայեց Շուշիի հակաօդային պաշտպանությունում, ապա տեղափոխվեց Մարտունի 3»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սերոբ Մելքոնյանի մայրը՝ Վարդիթեր Մելքոնյանը։

Սերոբ Մելքոնյանի ընտանիքն ապրում էր Շուշիում։ Պատերազմի ընթացքում Սերոբը պարբերաբար զանգահարում էր ընտանիքի անդամներին և հորդորում տեղափոխվել Հայաստան։

«Սերոբը կնոջ և երեխաների հետ ապրում էր Մարտունիում՝ վարձակալած բնակարանում։ Սրբուհին և երեխաները առավոտյան ռմբակոծության ժամանակ միանգամից դուրս էին եկել և մտել նկուղ։ Ամուսինս գնաց նրանց ետևից և բերեց մեզ մոտ։ Մի քանի օր մնացինք նկուղում։ Ես չէի ուզում գնալ, ինձ թվում էր՝ Ապրիլյան պատերազմի նման արագ կավարտվի։ Բայց տղաս շատ պնդեց, որ տեղափոխվենք Հայաստան»,- ասաց Վարդիթեր Մելքոնյանը։

Սերոբը և կինը՝ Սրբուհին, ունեն երկու երեխա՝ 6-ամյա Գոռը և 4-ամյա Անին։

«Սկզբում երեխաներին չէինք ասում։ Զգում էինք, որ Գոռը հասկանում է կատարվածը, բայց Անին՝ ոչ։ Անին շատ կապված էր հոր հետ, հաճախ խոսում էին հեռախոսով։ Վերջերս ասում էր՝ տատիկ, պապայիս կարոտել եմ, ասա՝ եթե չգա, ես տաքսի կնստեմ, կգնամ։ Բայց կամաց-կամաց իրեն սկսել ենք բացատրել, որ հայրիկն այլևս չկա։ Ասում ենք, որ պատերազմում զոհվել է, Աստված պապիկի մոտ է գնացել։

Դեպքից մի քանի օր առաջ Սերոբը հարցրել էր, թե երեխաներն Ամանորի համար ինչ նվեր կցանկանան ստանալ։ Ամանորին այդ նվերները տվեցինք երեխաներին, ասացինք՝ պապան է ուղարկել»,- նշեց Սերոբի մայրը։

Հոկտեմբերի 17-ին տասհոգանոց ընտանիքը տեղափոխվել էր Հայաստան։ Այս պահին ընտանիքը բնակվում է Այգեստան թաղամասի հյուրանոցում, սակայն որոշ ժամանակ անց պետք է լքի այն։

«Սկզբում բնակվում էինք բարեկամի տանը, հետո Պռոշյան գյուղի գյուղապետարանը մեզ կացարան տրամադրեց մանկապարտեզում։ Հիմա բնակվում ենք այստեղ, պայմանավորվել էինք, որ երեք ամիս ենք մնալու՝ մինչև փետրվարի 10-ը։ Հիմա պետք է տեղափոխվենք մանկապարտեզ»,- պատմեց Վարդիթեր Մելքոնյանը։

 Տիկին Վարդիթերը հիշում է՝ Շուշիում սեփական տուն, բնակարան և գեղեցկության սրահ ունեին։ Մարտունիում Սերոբը նաև խանութ էր բացել։

 «Մենք բարեկեցիկ կյանքով էինք ապրում։ Ամեն ինչին մեր ծանր աշխատանքի շնորհիվ էինք հասել։ Քանի որ Շուշիում մենք ամեն ինչ ունեինք, երբ սկզբում օգնություն էին տալիս, միշտ ասում էի՝ մենք ոչ մի բանի կարիք չունենք, ամեն ինչ ունենք Շուշիում։ Բայց տղայիս մահվանից ու Շուշին կորցնելուց հետո ստացվեց, որ ոչինչ այլևս չունենք»։

 Սերոբ Մելքոնյանը նահատակվել է հոկտեմբերի 26-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում անօդաչու թռչող սարքի հարվածից։ Հուղարկավորվել է հոկտեմբերի 28-ին «Եռաբլուրում»։

 Տիկին Վարդիթերը մեզ հետ զրույցում նշեց, որ նախքան ոտքի կանգնելը իրենց սկզբնական օգնություն է պետք։

 Տիկին Վարդիթերի ընտանիքին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել նրա հետ հետևյալ հեռախոսահամարներով՝

 

097217191/094816866