Տանտերերը հրաժարվում են ղարաբաղցիներին տուն տալ, կարծես թե մենք թուրք ենք


Տանտերերը հրաժարվում են ղարաբաղցիներին տուն տալ, կարծես թե մենք թուրք ենք
Դեկտեմբեր 20 19:38 2020

Հոկտեմբերի 8-ին մեզ տարհանեցին Հադրութից: Ես աղջկաս հետ եկա Երևան, ամուսինս ու տղաս մնացին այնտեղ: Ամուսինս բժիշկ է և հիմա էլ Արցախում է, բայց ուզում եմ ասել, որ հենց հոկտեմբերի 8-ից սկսեցին իմ դժոխային օրերը: Սկզբում մի կերպ կարողացանք վարձով տուն գտնել Երևանում, բայց հիմա տան տերը պահանջում է մեկ ամսից ազատել բնակարանը՝ օբյեկտիվ պատճառով: Արդեն 4 բրոքերի հետ եմ խոսել, բոլորն ասում են՝ տան տերերը հրաժարվում են ղարաբաղցիներին տուն տալ, կարծես թե մենք թուրք լինենք: Փտած տունը 150 հազար դրամից պակաս չեն տալիս, բայց պահանջում են դեպոզիդ ու միջնորդավճար:

Ուզում եմ հասկանալ' այդ մարդիկ պետությանը հարկ մուծու՞մ են, թե ոչ: Գնում եմ Հայփոստ ստանալու 68.000 դրամ աջակցությունը, 4-5 ժամ սպասացնում են ու մուննաթ են գալիս, թե իբր ղարաբաղցի եք, մեր երեխեքը ձեր պատճառով զոհվեցին: Անցած երկու ամիսների ընթացքում իմ ընտանիքին աջակցել է միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարությունը՝ 3 անգամ սնունդ ու հագուստ են տրամադրել: Տուն չգտնելու դեպքում մի ամսից փողոցում ենք հայտնվելու և կացարանի հարցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որևէ աջակցություն չի ցուցաբերել կոնկրետ իմ ընտանիքին:

ՀՀ նախագահն էլ հայտարարեց, թե 170 հադրութցիների կեցության և սննդի հարցերը կլուծվեն: Հետաքրքիր է, որ թե ես և թե իմ ծանոթ հադրութցիները չկանք այդ ցուցակում: Գրեցի իրենց, ինձ փոխանցեցին տեղահանված հադրութցիների շահերը պաշտպանող Մերի Դավթյանի հեռախոսահամարը ու հիմա ես Մերի Դավթյանից պահանջելու եմ անուն առ անուն հրապարակել աջակցություն ստացած այդ 170 մարդու անունները, որպեսզի տեսնենք, թե ովքեր են նրանք: Հակառակ դեպքում, ստացվում է, որ օգնություն են ստանում նրանք, ովքեր հրապարակներում ցույցեր են անում: Օգնությունը հասցեական ու ճիշտ տրամադրելու համար, լավ կլիներ օգնություն տրամադրողները կապ հաստատեին Հադրութի վարչական շրջանի ղեկավար Կամո Պետրոսյանի հետ, որ մենք՝ աջակցության կարիք ունեցող հադրութցիներս ևս օգտվեինք դրանից:

Ափսոս, Ստեփանակերտում անորոշ վիճակ է, թե չէ կվերադառնայինք Արցախ: Պարզապես այնտեղ էլ բնակարաններ չկան: Այսպիսի անորոշ վիճակում երբեք չեմ եղել: 

Անահիտ Ավալյան, Հադրութի նախկին բնակիչ

Աղբյուրը՝ hraparak.am