Դեկտեմբերի 17-ից պահեստազորայինների (մոբի)՝ նոյեմբերի համար վճարումների գործընթացը սկսվել է։ Մի քանի օր ուշացում է եղել՝ կապված փաստաթղթերի եւ ցուցակների ճշգրտման հետ, բայց վճարումներն արդեն կատարվում են։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին Պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով դժգոհություններին, որ պահեստազորայինների հասանելիք վճարումները չեն կատարվում։
Ավելի վաղ Գյուղատնտեսության նախարարի նախկին խորհրդական (2017-18 թթ․), գյուղատնտես Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Մոբի տղերքի աշխատավարձը մինչեւ հիմա չի նստել, մարդիկ 80 օր տնից–տեղից կտրված, աշխատանքի չգնացած եկել ծառայել են, հիմա հասարակ կոմունալները վճարելու գումար չունեն, իսկ իրենց նոյեմբեր ամսվա ծառայության օրինական հասնող աշխատավարձը, որը 100–130 հազարը չի անցնում, մինչեւ հիմա չկա…
Ֆիպ հարթակ, բա էդ էլ ուսումնասիրի, վերջում գրի, որ ըստ ձեր ուսումնասիրությունների, ճիշտ է՝ տղերքին չեն տվել աշխատավարձ, բայց Հարություն Մնացականյանը մանիպուլացնում է, այդ զինվորները կոմունալների համար չեն ուզում, այլ… Էստեղ խոդ տվեք ձեր երեւակայությունը…
Հետաքրքիր է՝ պատգամավորները ստացե՞լ են»։