Ֆիզուլու, Ջաբրայիլի եւ Հադրութի հատվածներում հայտնաբերվել է 35 հայ զինծառայողի աճյուն եւ մեկ քաղաքացիական անձի մարմին


Ֆիզուլու, Ջաբրայիլի եւ Հադրութի հատվածներում հայտնաբերվել է 35 հայ զինծառայողի աճյուն եւ մեկ քաղաքացիական անձի մարմին
Դեկտեմբեր 18 13:32 2020

Ֆիզուլու, Ջաբրայիլի եւ Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է եւս 35 հայ զինծառայողի աճյուն եւ մեկ քաղաքացիական անձի մարմին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը՝ մանրամասնելով, որ քաղաքացիական անձը տարեց կին է, ում մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում:

«Որոնողական աշխատանքները այսօր՝ դեկտեմբերի 18-ին, շարունակվում են Ներքին Ճարտարի, Ֆիզուլու, Ջաբրայիլի եւ Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի հատվածներում: Որոնողական աշխատանքներին մասնակցում են անհետ կորածների հարազատներն ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորները»,- տեղեկացրեց Թադեւոսյանը։

Նա հավելեց, որ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 969 զոհված զինծառայողի մարմին: