ՌԴ ՊՆ մասնագետներն ականազերծման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտում՝ մաքրելով 21,8 կմ ճանապարհ, տարհանելով 1334 պայթյունավտանգ առարկա


ՌԴ ՊՆ մասնագետներն ականազերծման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտում՝ մաքրելով 21,8 կմ ճանապարհ, տարհանելով 1334 պայթյունավտանգ առարկա
Դեկտեմբեր 18 12:05 2020

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետներն ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման աշխատանքներ են իրականացրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում` ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքում շարունակում են ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները: Նախորդ օրվա ընթացքում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքներ են իրականացվել Ստեփանակերտում: Մաքրվել է 21,8 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման համար տարհանվել է 1334 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Նոյեմբերի 23-ից հետո Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս մասնագետները ականազերծել են 195 հա տարածք և 87 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 7 հազար պայթյունավտանգ առարկա: