ԱՄԷ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը 86% արդյունավետություն ունի


ԱՄԷ-ն հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը 86% արդյունավետություն ունի
Դեկտեմբեր 10 01:00 2020

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը 86% արդյունավետություն ունի, հաղորդում է AP-ը:

Սեպտեմբերից ԱՄԷ-ում սկսվել են Չինաստանի պետական դեղագործական հսկա Sinopharm-ի պատվաստանյութի փորձարկումները` 125 երկրներից 31000 կամավորների մասնակցությամբ: 18-60 տարեկան կամավորները 28 օրվա ընթացքում պատվաստանյութի երկու դեղաչափ են ստացել:

ԱՄԷ Առողջապահության եւ կանխարգելման նախարարությունը հայտարարել է արդյունքների մասին՝ հայտնելով, որ իրենք «վերանայել են Sinopharm CNBG-ի միջանկյալ վերլուծությունը՝ III փուլի փորձարկումների արդյունքներով»:

«Վերլուծությունը ցույց չի տալիս անվտանգության որեւէ լուրջ խնդիր»,- ասվում է հայտարարության մեջ  առանց հստակեցնելու, թե ունեցել է արդյոք մասնակիցներից որեւէ մեկը կողմնակի ազդեցություն: