Միլանի պետական համալսարանի հրապարակած տեղեկագրում հաղորդվում է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել 2019 թվականի դեկտեմբերին 4-ամյա երեխայի քիթ-կոկորդից վերցված քսուքի մեջ:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին, տղայի մոտ առաջին ախտանշանները՝ հազ և քթից հոսք, ի հայտ են եկել 2019 թվականի նոյեմբերի 21-ին: Ամսվա վերջին նրան շտապ օգնության բաժանմունք են տեղափոխել, իսկ մի քանի օր անց նրա մոտ մաշկի ցանավորում է նկատվել: Ցանը բժիշկները կապել են կարմրուկի հետ, որի համար էլ թեստավորում են կատարել:
Այդ պահին Իտալիայում չէին կասկածում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության մասին, որի վերաբերյալ Չինաստանի իշխանություններն առաջին անգամ տեղեկություն են հայտնել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:
Այն ժամանակ երեխայի մոտ կարմրուկ են ախտորոշել: Սակայն նրանից վերցված փորձանմուշը կրկին ուսումնասիրել են ավելի ուշ, ինչի արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ իրենք որոշել են կրկնակի ուսումնասիրության ենթարկել 2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում կարմրուկով հիվանդացության դեպքերը:
Կորոնավիրուսի համաճարակի բռնկման պաշտոնական ամսաթիվը 2020 թվականի փետրվարի 21-ն է: Ներկա պահին երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,7 մլն-ի, հիվանդությունից մահացածներինը գերազանցել է 61 հազարը: