Լեռնային Ղարաբաղում առ այսօր ականազերծվել է 61 հեկտար տարածք, անհայտ կորածների մասին ստացվել է շուրջ 250 զանգ


Լեռնային Ղարաբաղում առ այսօր ականազերծվել է 61 հեկտար տարածք, անհայտ կորածների մասին ստացվել է շուրջ 250 զանգ
Դեկտեմբեր 6 18:46 2020

Լեռնային Ղարաբաղում հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկության հավաքման նպատակով ստեղծված թեժ գծին շուրջ 250 հեռախոսազանգ է ստացվել:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, ռուս խաղաղապահներն ավելի քան 1900 հանդիպում են իրականացրել՝ տվյալներ պարզելու համար:

«Թեժ գծի աշխատանքի մեկնարկից ի վեր 248 հեռախոսային դիմում է ստացվել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկությունների ճշտման նպատակով ռուս խաղաղապահ ուժերի սպաները 1936 հանդիպում են իրականացրել քաղաքացիների հետ»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերջին մեկ օրում ավելի քան 1300 փախստական է վերադարձել իրենց նախկին բնակության վայր: Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղ վերադարձած մարդկանց թիվը հասել է 33 235-ի:

Բացի այդ, նշվում է, որ մեկ օրում ինժեներական հետախուզություն և տեղանքի ականազերծում է իրականացվել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի էլեկտրահաղորդման գծերի աշտարակների երկայնքով:  

«Մաքրվել է 3.4 հեկտար տարածք և 2.2 կմ երկարությամբ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 96 պայթուցիկ առարկա: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների ընթացքում մաքրվել է 61.27 հեկտար տարածք, 20.8 կմ ճանապարհ, 108 շինություն և և 4 սոցիալական նշանակության կառույց, հայտնաբերվել է 1251 պայթուցիկ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ռուս խաղաղապահների առակցությամբ մարտական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը, իսկ ՌԴ ՊՆ ռազմական հիվանդանոցի արտագնա հաշվարկը խորհրդատվություններ է կազմակերպում տեղի բնակչության համար: Երկրորդ հիվանդանոցն աշխատում է Մարտակերտում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: