Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի հետ կքննարկի ԼՂ-ի շուրջ համատեղ հայտարարության իրագործումը և միջազգային օրակարգի մի շարք հարցեր


Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի հետ կքննարկի ԼՂ-ի շուրջ համատեղ հայտարարության իրագործումը և միջազգային օրակարգի մի շարք հարցեր
Դեկտեմբեր 3 20:02 2020

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում: ՌԴ ԱԳՆ-ում կայանալիք բանակցությունների ժամանակ նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, երկկողմ հարաբերություններին առնչվող համալիր հարցեր: Հիմնական ուշադրությունը, անկասկած, կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ մարդասիրական աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերի շեշտադրմամբ»,- նշել է Զախարովան: 

Նախարարները կքննարկեն նաև երկու երկրների համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ, ՀԱՊԿ, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում դիրքորոշումների համակարգման հարցում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: